Մոսկվան հայտարարում է Ուկրաինային հարվածներն ուժգնացնելու մասին

Ռուսաստանի զինված ուժերը կուժեղացնեն հարվածները Կիևում և Ուկրաինայի այլ մարզերում ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտներին՝ ռուսաստանյան նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներն ընդլայնելու մասին Վլադիմիր Զելենսկու հայտարարությունից հետո: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ուկրաինայի բնակչությունը դրա համար թող մեղադրի միայն կիևյան ռեժիմի ղեկավարին: Հենց Զելենսկին է լիակատար անձնական և քաղաքական պատասխանատվություն կրում դրա համար», – ասված է հաղորդագրությունում:

ՌԴ ՊՆ-ը պնդել է, թե Կիևին և ուկրաինական մյուս տարածաշրջաններին զանգվածային հարվածներ է հասցնում «հենց ի պատասխան կիևյան ռեժիմի պարագլխի գործողությունների»:

Պաշտոնական Մոսկվան նախօրեին զգուշացրել էր օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների անձնակազմերին, չմնալ Ուկրաինայում և չճամփորդել երկրի տարածքում:

«Հնարավոր բացասական հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է այս նախազգուշացումն անտեսողների վրա», – հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Վլադիմիր Զելենսկու պնդմամբ՝ Ուկրաինայի հետախուզական ծառայությունները ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «նոր դոկտրին» է արձակել ձմռան նախաշեմին քաղաքացիական թիրախների ավելի լայն շրջանակի վրա հարձակումների վերաբերյալ:

Ուկրաինական ուժերը կշարունակեն թիրախավորել ռուսաստանյան էներգետիկ կառույցները և հատկապես նավթավերամշակման գործարանները, որոնք ֆինանսավորում են Կրեմլի պատերազմը, հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Leave a Comment