ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Զելենսկու հայտարարությունից հետո կուժեղացնի հարվածները Կիևի և Ուկրաինայի այլ մարզերի վրա։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ռուսաստանի ռազմական գերատեսչությանը, Մոսկվան ուժեղացնելու է հարվածները Կիևի և Ուկրաինայի այլ շրջանների ռազմական ու ռազմարդյունաբերական օբյեկտների վրա ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներն ավելացնելու մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունից հետո։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ, իր տվյալներով, Ռուսաստանի ղեկավարությունը հանել է իր զինվորականների համար ուկրաինական քաղաքների քաղաքացիական օբյեկտներին հարվածելու սահմանափակումները, և ի պատասխան դրան՝ Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա։
Զելենսկու խոսքով՝ ուկրաինական հետախուզության ձեռք բերած փաստաթղթերը ցույց են տալիս, որ Վլադիմիր Պուտինը ձմռանն ընդառաջ հավանություն է տվել «նոր դոկտրինին», որով ընդլայնվել է Ուկրաինայում քաղաքացիական թիրախների ցանկը։
«Մենք տեսել ենք այդ փաստաթղթերը և գիտենք, որ նրանք թույլատրել են իրենց զինվորականներին թիրախավորել ենթակառուցվածքները, լոգիստիկան, ճանապարհները, դպրոցներն ու հիվանդանոցները, որպեսզի ստիպեն մարդկանց հեռանալ մայրաքաղաքից և այլ քաղաքներից։ Սա է այդ գործողության նպատակը»,- Reuters-ը մեջբերում է Զելենսկու խոսքերը։