Քաղաքագետ Անահիտ Հարությունյանը Armenia Today-ի «Խոսենք գլխավորի մասին» հաղորդման շրջանակում անդրադարձել է երիտասարդների շրջանում խաղաղության ընկալմանը, կրթության որակին և պատմության իմացության կարևորությանը, ինչպես նաև ազգային արժեքներին։
Անդրադառնալով պատմության ընկալմանը՝ Հարությունյանը նշել է, որ այսօր շատերին թվում է, թե անցյալի մասին խոսելը նշանակում է մերժել նորը, սակայն, նրա խոսքով, դա այդպես չէ։
«Առանց անցյալն իմանալու՝ նորը կառուցելն ուղղակի անիմաստ է, կամ այն շատ խարխուլ է լինելու»,- նշել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ երիտասարդների շրջանում կան շրջանակներ, որոնք «շատ սթափ են դատում և շատ լավ տեղեկացված են», սակայն կան նաև շերտեր, որոնք չեն հետաքրքրվում երկրով։
Հարությունյանի խոսքով՝ նրանց մեղադրել պետք չէ, սակայն պատմության իմացությունը կարևոր է բոլորի համար։
«Պետք չէ խորանալ, փնտրել, բայց իմանալը շատ կարևոր է, որովհետև առանց իմացության, որպես հայ մարդ, նրանք չեն կարող որևէ բանի հասնել»,- ասել է նա։
Խոսելով խաղաղության մասին՝ Հարությունյանը նշել է, որ այսօր մարդկանց պատկերացումն այդ հասկացության վերաբերյալ զգալիորեն լղոզված է։
«Խաղաղությունը չի կարող միակողմանի երևույթ լինել և չի կարող կախված լինել միայն մեկ կողմի ցանկությունից։ Հիմա կապիտուլյացիան ներկայացվում է խաղաղության շղարշի ներքո, ինչը մեզ վտանգից բացի ոչինչ չի բերելու»,- հայտարարել է նա։
Քաղաքագետի խոսքով՝ պատմության տարբեր ժամանակահատվածներում հայերը ձգտել են խաղաղության, սակայն մյուս կողմից ստացել են շատ անարդար և կործանարար պատասխան։ Որպես օրինակ՝ նա հիշատակել է նաև Մխիթար սպարապետի պատմությունը՝ Խնձորեսկում։
«Երբ Մխիթար սպարապետը եկավ Խնձորեսկ, Դավիթ Բեկից հետո այնտեղ չէին ցանկանում պայքար մղել։ Մխիթարի սպարապետի գլուխը կտրեցին հենց այն պատճառով, որ նա ուզում էր պայքարել, իսկ բնակչությունը խաղաղության էր ձգտում և, բնականաբար, այդ խաղաղությունը չունեցավ»,- նշել է Հարությունյանը։
Նրա խոսքով՝ եթե այժմ անտեսվեն պատմության օրինակները, դրանք կարող են կրկնվել՝ այս անգամ գուցե ոչ թե զինված բախման, այլ ազգային դիմագծի կորստի տեսքով։
Անդրադառնալով ազգային արժեքներին՝ Հարությունյանն առանձնացրել է եկեղեցին, լեզուն և բանակը։
«Երբ սկսում ենք շահարկել այդ արժեքները և կասկածի տակ դնել դրանք, դա ամբողջությամբ փոխում է մեր ազգային դիմագիծը»,- նշել է քաղաքագետը։
Գլոբալացման թեմայի մասին խոսելիս՝ նա նշել է, որ եվրոպական երկրները, անգամ միավորվելով Եվրամիության շրջանակում, չեն կորցրել իրենց ազգային դիմագիծը։ Հարությունյանի խոսքով՝ ազգային շահն անցյալի նկատմամբ հարգանքի և ապագայի նկատմամբ պատասխանատվության հատման կետն է։
Անդրադառնալով կրթության մակարդակի միջազգային հետազոտությունում հայաստանցի դպրոցականների ցածր արդյունքներին՝ Հարությունյանը դա համարել է կրթության նկատմամբ սխալ մոտեցման հետևանք։
Նրա խոսքով՝ կրթությունը սկսվում է դպրոցից և, ամենակարևորը, ընտանիքից, իսկ պետությունը պետք է հստակեցնի, թե ինչպիսի հայ է ցանկանում դաստիարակել՝ հայրենասե՞ր, գլոբալիստ, անտարբե՞ր, թե՞ պատասխանատու։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
