2027 թվականից ռազմարդյունաբերության ոլորտում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ի՞նչ է փոխվելու

Ռազմարդյունաբերական համալիրի կառավարման համակարգը, պետական պատվերի ձևավորման ու կատարման ընթացակարգերը, ինչպես նաև ոլորտի կազմակերպություններին պետական աջակցության մեխանիզմները կարող են փոփոխվել։ Կառավարության կողմից ներկայացվել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ։

Iravaban.net–ը ուսումնասիրել է նախագիծը և ներկայացնում նախատեսվող հիմնական փոփոխությունները։

«Ռազմատեխնիկական հավակնոտ ծրագրեր» հասկացությունը կհանվի

Նախագծով առաջարկվում է օրենքից հանել «ռազմատեխնիկական հավակնոտ ծրագրեր» հասկացությունը և դրա իրականացման վերաբերյալ գործող կարգավորումները։

Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ մի շարք ինստիտուտներ ձևավորվել են նախկին կառավարման մոդելի պայմաններում և ներկայում գործնական անհրաժեշտություն չունեն։

Ռազմարդյունաբերության զարգացման պետական ծրագիրը կփոխարինվի ռազմավարական ծրագրով

Գործող օրենքով նախատեսված ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագրի փոխարեն նախատեսվում է ներդնել ՌԱՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրի ինստիտուտը։

Այն պետք է ներառի՝

  • ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ուղղությունները,
  • ռազմական արտադրանքի մրցունակության բարձրացման միջոցառումները,
  • ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների զարգացման միջոցառումները,
  • նրանց պետական աջակցության միջոցառումները։

Միաժամանակ ռազմավարական ծրագիրը կդառնա ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման հիմքերից մեկը։

Գիտության ոլորտում կիրառվող տերմինաբանությունը կկիրառվի նաև ռազմարդյունաբերությունում

Նախագծով «գիտական և գիտատեխնիկական գործունեություն» եզրույթը փոխարինվում է «գիտատեխնոլոգիական գործունեություն» եզրույթով։

«Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ» ձևակերպման փոխարեն կկիրառվի «հետազոտությունների և մշակումների աշխատանքներ» ձևակերպումը։

Նպատակը ոլորտային օրենսդրության միջև տերմինաբանական միասնականություն ապահովելն է։

Կվերանա «բազային կազմակերպության» հատուկ կարգավիճակը

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող «բազային կազմակերպության» հասկացությունը և դրա հետ կապված կարգավորումները։

Այսինքն՝ պետական աջակցությունն ու քաղաքականությունը կազմակերպության հատուկ կարգավիճակի փոխարեն նախատեսվում է կապել նրա գործունեության, պետական պատվերի կատարման և ռազմարդյունաբերության ոլորտի առաջնահերթությունների հետ։

Պետական աջակցությունը կկապվի ոլորտի առաջնահերթությունների հետ

ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության համակարգը նախատեսվում է վերանայել։

Մասնավորապես, պետական աջակցությունը կարող է իրականացվել՝

  • ֆինանսական վարձակալության՝ լիզինգի միջոցով,
  • դրամաշնորհների տրամադրմամբ,
  • հավատարմագրային կառավարման մեխանիզմներով,
  • հետազոտությունների և մշակումների համաֆինանսավորմամբ,
  • տեխնոպարկերի ստեղծմամբ,
  • ապրանքների և տեխնոլոգիաների առևտրայնացման կենտրոնների ստեղծմամբ,
  • ներդրումային հիմնադրամների կամ ազատ տնտեսական գոտիների ստեղծմամբ,
  • վարչարարական ընթացակարգերի պարզեցմամբ։

Լիազոր մարմինը, հաշվի առնելով ՌԱՀ-ի ռազմավարական ծրագրի ուղղությունները և ոլորտի առաջնահերթությունները, պետք է մշակի պետական աջակցության տրամադրման կարգերը և ներկայացնի Կառավարության հաստատմանը։

Ռազմական նշանակության պետական գույքը հնարավոր կլինի օգտագործել նաև արտահանման նպատակով

Նախագծով ընդլայնվում է պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքի օգտագործման շրջանակը։

Կառավարության որոշմամբ այն հնարավոր կլինի օտարել կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՌԱՀ-ի համապատասխան սուբյեկտներին՝

  • նոր արտադրատեսակների մշակման,
  • արտադրատեսակների արդիականացման,
  • նորոգման,
  • օգտահանման,
  • փորձարկումների իրականացման,
  • արտահանման նպատակներով։

Պետական պատվերի հաստատման ընթացակարգը կպարզեցվի

Նախագծով առաջարկվում է հրաժարվել «ռազմական կարիքների համար պետական պատվերի հիմնական ցուցանիշ» հասկացությունից։

Միաժամանակ պետական պատվերի հաստատումն այլևս չի կապվի գնման կոնկրետ ընթացակարգի տեսակի հետ։

Նախատեսվում է, որ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Կառավարությունը կհաստատի ռազմական կարիքների համար պետական պատվերը՝ ըստ նախատեսվող միջոցառումների և ֆինանսավորման տեսակի։

Պետական պատվերը կարող է փոփոխվել՝ հաշվի առնելով դրա կատարման իրական ընթացքը և պետական բյուջեում կատարված փոփոխությունները։

Ռազմական արտադրանքի որակի հսկողությունը կկենտրոնացվի մեկ մարմնի շուրջ

Նախագծով առաջարկվում է ոլորտում հստակեցնել պետական մարմինների դերաբաշխումը։

Ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմինը կիրականացնի պետական պատվերի կատարման և ռազմական արտադրանքի որակի հսկողությունը։

Մյուս պետական մարմինները, իրենց իրավասությունների շրջանակում, կաջակցեն այդ հսկողությանը։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ այս փոփոխությունը պետք է նվազեցնի նույնաբովանդակ գործառույթների կրկնությունը և հստակեցնի պատասխանատվության սահմանները։

Գլխավոր կատարողի պարտականությունները կփոխվեն

Գլխավոր կատարողը պետք է պետական պատվիրատուին տեղեկացնի ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների արտադրական հզորությունների կրճատման, վերացման կամ աշխատանքի բնույթի փոփոխության մասին, եթե դրա հետևանքով կարող է վտանգվել պետական պատվերի կատարումը։

Այսպիսով, տեղեկացնելու պարտականությունը նախատեսվում է կապել ոչ թե ձևական չափանիշների, այլ պետական պատվերի կատարման համար իրական ռիսկի առաջացման հետ։

Միաժամանակ գլխավոր կատարողն ու կատարողը պետք է աջակցեն համապատասխան իրավասու մարմնի կողմից պետական պայմանագրի կատարման նկատմամբ հսկողությանը։

Հետազոտությունների և մշակումների համար կգործի առանձնացված մոտեցում

Նախագծով նախատեսվում է հետազոտությունների և մշակումների աշխատանքների համար կիրառել դրանց առանձնահատկություններին համապատասխան կարգավորում։

Մասնավորապես, դրանց նկատմամբ չի կիրառվի ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման սկզբնական առավելագույն գնի որոշման ընդհանուր կանոնը։

Հիմնավորման համաձայն՝ հետազոտությունների և մշակումների աշխատանքները հաճախ եզակի են և ունեն տեխնիկական անորոշություն, ինչի պատճառով դրանց արժեքը միշտ չէ, որ հնարավոր է նախապես գնահատել սերիական արտադրանքի գնագոյացման համար նախատեսված նույն մեթոդաբանությամբ։

Բացի այդ, հետազոտությունների և մշակումների արդյունքների ընդունումը նախատեսվում է իրականացնել հատուկ կարգի հիման վրա՝ դրանք չկապելով գնումների մասին օրենսդրության հետ։

Ռազմական ապրանքների գների կարգավորման մի շարք մեխանիզմներ կվերանայվեն

Նախագծով առաջարկվում է հրաժարվել ռազմական ապրանքների և գույքի գնի պետական առանձին հաշվառման և յուրաքանչյուր պետական պայմանագրի ֆինանսատնտեսական արդյունքի առանձին հաշվառման վերաբերյալ մի շարք կարգավորումներից։

Միաժամանակ պահպանվելու են ռազմական ապրանքի գնի նկատմամբ պետական հսկողության և ծախսերի հիմնավորվածության ապահովման հիմնական մեխանիզմները։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝

  • պարզեցնել ռազմարդյունաբերական համալիրի կառավարման համակարգը,
  • միասնականացնել գիտության և ռազմարդյունաբերության ոլորտներում կիրառվող տերմինաբանությունը,
  • ռազմարդյունաբերության զարգացումը կառուցել միասնական ռազմավարական ծրագրի հիման վրա,
  • պարզեցնել պետական պատվերի ձևավորման և հաստատման գործընթացը,
  • պետական աջակցությունը կապել ոլորտի ռազմավարական առաջնահերթությունների հետ,
  • ընդլայնել պետական աջակցության գործիքները,
  • հստակեցնել պետական մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը,
  • նվազեցնել պետական պատվերի և ռազմական արտադրանքի որակի հսկողության ոլորտում գործառույթների կրկնությունը,
  • առանձնացնել հետազոտությունների և մշակումների աշխատանքների համար նախատեսված իրավական կարգավորումները։

Նախագծի համաձայն՝ օրենքը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2027 թվականի հունվարի 1-ից։ Դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը Կառավարությունը պետք է ընդունի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։

Միաժամանակ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը հետազոտությունների և մշակումների իրականացման նպատակով կնքված պայմանագրերի նկատմամբ կկիրառվեն գործող իրավակարգավորումները։

Leave a Comment