2027 թվականի պետական բյուջե․ որքա՞ն գումար է նախատեսվում և ինչ փոփոխություններ են սպասվում

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Ֆինանսների նախարարության կողմից մշակված ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին նախագաիծը։

2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 3 տրիլիոն 603.8 մլրդ դրամի եկամուտ, 4 տրիլիոն 72 մլրդ դրամի ծախս և 468.2 մլրդ դրամի դեֆիցիտ։ Նախագծով սահմանվել են նաև համայնքների ֆինանսավորման, պետական ծառայողների պարգևատրման, ավանդների փոխհատուցման, առողջապահության և կրթության ոլորտներին վերաբերող մի շարք դրույթներ։

Պետական բյուջեի հիմնական ցուցանիշները

2027 թվականի պետական բյուջեն նախատեսվում է՝

  • եկամուտներ՝ 3 տրիլիոն 603.8 մլրդ դրամ,
  • ծախսեր՝ 4 տրիլիոն 72 մլրդ դրամ,
  • դեֆիցիտ՝ 468.2 մլրդ դրամ։

Դեֆիցիտի ֆինանսավորման համար նախատեսվում է օգտագործել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներ։ Մասնավորապես՝

  • ներքին աղբյուրներից՝ 187.5 մլրդ դրամ,
  • արտաքին աղբյուրներից՝ 280.7 մլրդ դրամ։

Միաժամանակ, 2027 թվականի համախմբված բյուջեի եկամուտները գնահատվում են 3 տրիլիոն 829.9 մլրդ դրամ, ծախսերը՝ 4 տրիլիոն 298.1 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 468.2 մլրդ դրամ։

Բյուջեի եկամուտների հիմնական աղբյուրը հարկերն են

2027 թվականին պետական բյուջեի ընդհանուր եկամուտը նախատեսվում է 3 տրիլիոն 603.8 մլրդ դրամ։

Դրանից՝

  • հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 3 տրիլիոն 462.7 մլրդ դրամ,
  • պաշտոնական դրամաշնորհներ՝ 14.2 մլրդ դրամ,
  • այլ եկամուտներ՝ 126.9 մլրդ դրամ։

Այսինքն՝ պետական բյուջեի եկամուտների հիմնական մասը ձևավորվելու է հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին։

Ի՞նչ է նախատեսվում համայնքների համար

2027 թվականի համայնքների բյուջեները գնահատվում են 417.6 մլրդ դրամի չափով՝ ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի գծով։

Նախագծով նախատեսվում է նաև ֆինանսական համահարթեցման դոտացիաների տրամադրման հատուկ կարգավորում։

Մասնավորապես՝ մինչև 3500 բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին նախատեսվում է հատկացնել 50 մլն դրամ, իսկ յուրաքանչյուր սահմանամերձ բնակավայրին՝ 5 մլն դրամ։

Միաժամանակ, նախագծով սահմանվում է, որ 2027 թվականին համայնքների բյուջեներին եկամտային հարկից և շահութահարկից օրենքներով նախատեսված մասհանումները պետական բյուջեից չեն կատարվելու։

Պետական ծառայողների պարգևատրման ֆոնդը

Նախագծով յուրաքանչյուր պետական մարմնի պետական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը սահմանվում է տվյալ մարմնի համար 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական ծառայողների հիմնական աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսի չափով։

Բացի այդ, Կառավարությանը թույլատրվում է պետական մարմնի կողմից նախատեսված ծրագրերի համար հատկացված միջոցները արդյունավետ կամ խնայողաբար կառավարելու արդյունքում առաջացած տնտեսումն ուղղել տվյալ մարմնի աշխատակիցների պարգևատրմանը։

Շարունակվելու է հին ավանդների փոխհատուցումը

2027 թվականին նախատեսվում է շարունակել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը։

Փոխհատուցման արտահերթ տրամադրում նախատեսվում է, մասնավորապես, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին։

Փոխհատուցում նախատեսվում է նաև մինչև 1946 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաև սահմանամերձ համայնքների որոշ բնակիչների և Կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերի համար։

Կարևոր է նաև, որ նման փոխհատուցում ստանալու հանգամանքը ինքնին չի կարող հիմք հանդիսանալ անձին ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստ ստացողների ցուցակից հանելու համար։

Առաջնահերթ կֆինանսավորվեն որոշ ծրագրեր

Նախագծով սահմանվում է, որ օրենքի N 6 հավելվածում ներառված ծախսային ծրագրերը դիտարկվելու են որպես առաջնահերթություն։

Եթե 2027 թվականի ընթացքում առաջանան լրացուցիչ ֆինանսական միջոցներ կամ օրենքով սահմանված կարգով ավելացվի պետական բյուջեի դեֆիցիտի սահմանաչափը, այդ ծրագրերի ֆինանսավորումը պետք է իրականացվի առաջնահերթ կարգով։

Կրթությունն ու առողջապահությունը՝ բյուջետային վերաբաշխումների շրջանակում

Նախագծով Կառավարությանը հնարավորություն է տրվում որոշ դեպքերում գերազանցել բյուջետային վերաբաշխումների համար օրենքով սահմանված սահմանաչափերը։

Դա, մասնավորապես, վերաբերում է՝

  • անվտանգային մարտահրավերների դիմակայման ծրագրերին,
  • տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմացմանը,
  • համավարակի դեմ պայքարին,
  • հիվանդությունների հետևանքների չեզոքացմանը,
  • հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնման, կառուցման և բարելավման ծրագրին,
  • առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի իրականացմանը։

Այսինքն՝ տարվա ընթացքում անհրաժեշտության դեպքում այս ուղղություններով նախատեսված ծրագրերի ֆինանսավորումը կարող է վերանայվել և ավելացվել՝ օրենքով սահմանված կարգով։

2026 թվականի չկատարված որոշ պարտավորություններ կարող են ֆինանսավորվել 2027-ին

2027 թվականի պետական բյուջեի տարեսկզբի փաստացի ձևավորված ազատ մնացորդի հաշվին նախատեսվում է ֆինանսավորել 2026 թվականին ստանձնված, սակայն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը չկատարված որոշ պայմանագրային պարտավորություններ։

Առաջնահերթությունը տրվելու է կապիտալ ծախսերի գծով չկատարված պարտավորություններին։

Դրանց ֆինանսավորումից հետո, եթե ազատ մնացորդի միջոցները բավարարեն, կարող են ֆինանսավորվել նաև ընթացիկ ծախսերի գծով 2026 թվականին ստանձնված չկատարված պայմանագրային պարտավորությունները և Կառավարության հաստատած աջակցության ծրագրերի շրջանակում ձևավորված պարտավորությունները։

Այս կարգավորումը չի տարածվելու պաշտպանության նախարարության կողմից իրականացվող բյուջետային միջոցառումների վրա։

Իրավաբանական անձանց դրամաշնորհները՝ հիմնականում մրցութային կարգով

2027 թվականի պետական բյուջեից իրավաբանական անձանց տրամադրվող դրամաշնորհները պետք է հատկացվեն օրենսդրությամբ սահմանված մրցույթի ընթացակարգով։

Բացառություն կարող է լինել այն դեպքը, երբ ծրագիրը կամ միջոցառումը կարող է իրականացվել միայն կոնկրետ իրավաբանական անձի միջոցով՝ բացառիկության հանգամանքով պայմանավորված։

Առանց մրցույթի դրամաշնորհ տրամադրելու դեպքում անհրաժեշտ է Կառավարության որոշում։

Միաժամանակ, իրավաբանական անձանց տրամադրվող սուբսիդիաները հատկացվելու են Կառավարության որոշումների հիման վրա։

Պետական բյուջեի դեֆիցիտի սահմանաչափը կարող է որոշ դեպքերում գերազանցվել

Նախագծով Կառավարությանը տրվում են մի շարք դեպքերում պետական բյուջեի հաստատված դեֆիցիտի չափը գերազանցելու հնարավորություններ։

Դրանք, մասնավորապես, կարող են վերաբերվել բյուջետային վարկերի վերադարձից նախատեսվածից ավելի ստացված միջոցներին, փոխառությունների սպասարկման կամ մարման արդյունքում առաջացած տնտեսումներին, նպատակային վարկային և դրամաշնորհային ծրագրերին, ինչպես նաև որոշ ծրագրերի համար անհրաժեշտ համաֆինանսավորմանը։

Միաժամանակ նման փոփոխությունները պետք է իրականացվեն նախագծով և բյուջետային օրենսդրությամբ սահմանված պայմաններով։

Կենտրոնական բանկի ծախսերը

2027 թվականի համար Կենտրոնական բանկի վարչական ծախսերի նախահաշիվը նախատեսվում է 13.277 մլրդ դրամ։

Կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը սահմանվում է 4.292 մլրդ դրամ։

Կենտրոնական բանկին թույլատրվում է անհրաժեշտության դեպքում վերաբաշխել վարչական ծախսերը՝ պայմանով, որ յուրաքանչյուր հոդվածի գծով նախատեսված ծախսերի կրճատումը չգերազանցի 15 տոկոսը, իսկ ավելացումը՝ 30 տոկոսը։

Գնաճի թիրախը՝ 3 տոկոս

2027 թվականին դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս Կենտրոնական բանկը պետք է առաջնորդվի 12-ամսյա գնաճի 3 տոկոս նպատակային ցուցանիշով, որի թույլատրելի տատանումների միջակայքը սահմանված է ±1 տոկոսային կետ։

Այսինքն՝ որպես նպատակային միջակայք նախատեսվում է 2-4 տոկոսը։

Ի՞նչ է նախատեսվում մասնավորեցումից ստացված միջոցների համար

2027 թվականին պետական բաժնեմասի մասնավորեցումից ստացված դրամային միջոցները պետք է մուտքագրվեն գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվին։

Արտարժույթով ստացված միջոցները նախ պետք է փոխարկվեն Կենտրոնական բանկում, ապա նույնպես մուտքագրվեն այդ հատուկ ենթահաշվին։

Միաժամանակ, եթե տարվա ընթացքում պետական բյուջեում բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարություն առաջանա, որոշ պայմաններով կարող են օգտագործվել նաև այդ ենթահաշվում առկա միջոցները։

Բյուջեն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից

Նախագծով սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքն ուժի մեջ է մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից։

Այսպիսով, 2027 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է ոչ միայն պետական եկամուտների և ծախսերի ընդհանուր շրջանակը, այլև տարվա ընթացքում միջոցների վերաբաշխման, համայնքների ֆինանսավորման, սոցիալական ծրագրերի, կրթության, առողջապահության և պետական կառավարման տարբեր ուղղությունների ֆինանսավորման հատուկ կարգավորումներ, – տեղեկացնում է Iravaban.net–ը։

Leave a Comment