Դասագրքերի գնահատման գործընթացում նախատեսվում է ներդնել լրացուցիչ գործիք, որով կգնահատվի ուսումնական նյութի լեզվական մատչելիությունն ու ընթեռնելիությունը։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում։
Ի՞նչ է փոխվելու
Նախագծի ընդունման դեպքում դասագրքերի բովանդակային և մեթոդական գնահատման փուլում դրանց տեքստերի լեզվական մատչելիությունն ու ընթեռնելիությունը կգնահատվեն նաև Լեզվի կոմիտեի կողմից մշակված՝ հայերեն տեքստի ընթեռնելիության համաթիվը հաշվարկող գործիքի միջոցով։
Այսինքն՝ դասագրքի գնահատման ժամանակ մասնագետները հնարավորություն կունենան ստանալ նաև չափելի ցուցանիշ, որը կօգնի գնահատել՝ որքան մատչելի է տվյալ տեքստը սովորողի համար։
Կարևոր է․ ընթեռնելիության ցածր արդյունքը չի նշանակի, որ դասագիրքը պետք է մերժվի։
Նախագծով հստակ ամրագրվում է, որ գործիքի կիրառման արդյունքները լինելու են գնահատմանն օժանդակող բնույթի և չեն կարող ինքնուրույն հիմք հանդիսանալ ուսումնական նյութը մերժելու համար։
Միաժամանակ, եթե ընթեռնելիության գնահատման արդյունքում խնդիրներ արձանագրվեն, առարկայական հանձնաժողովը կարող է առաջարկել մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում լրամշակել ուսումնական նյութի համապատասխան հատվածները։
Լրամշակման ընթացքում պետք է պահպանվեն նյութի՝
- գիտականությունը,
- բովանդակային ամբողջականությունը,
- հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանությունը։
Ինչո՞ւ է առաջարկվում այս փոփոխությունը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ դասագրքի լեզվական մատչելիությունն ու ընթեռնելիությունը կարևոր են սովորողի կողմից ուսումնական նյութի արդյունավետ ընկալման, տեղեկատվության ըմբռնման և դրա հետ հետագա աշխատանքի համար։
Նախարարությունը նշում է նաև ընթերցանության կարողությունների զարգացման կարևորությունը՝ անդրադառնալով միջազգային գնահատումներին, այդ թվում՝ PISA 2025-ի արդյունքներին։
Միաժամանակ նախագծում ընդգծվում է, որ PISA-ի արդյունքները չեն կարող ուղղակիորեն վերագրվել դասագրքերի լեզվական մատչելիությանը կամ ընթեռնելիությանը, քանի որ սովորողների ուսումնառության արդյունքների վրա ազդում են բազմաթիվ գործոններ։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի հեղինակները ակնկալում են, որ փոփոխության արդյունքում դասագրքերի գնահատման գործընթացում կձևավորվի ընթեռնելիության նկատմամբ ավելի համակարգված մոտեցում, հնարավոր կլինի ստանալ լրացուցիչ չափելի տեղեկատվություն և անհրաժեշտության դեպքում առաջարկել դասագրքերի առանձին հատվածների լրամշակում։
Նախագծով պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։