Իսրայելական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները շաբաթ օրը մտել են Լիբանանի հարավում գտնվող Զաուտար-էշ-Շարկիա բնակավայր և խուզարկումներ իրականացրել դրա մի քանի հատվածներում։ Այս մասին հայտնել է Al-Markaziya գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ գործողությունը տևել է մեկ օր։ Իսրայելական զինվորականների խմբերը քաղաքի փողոցներով տեղաշարժվել են ոտքով և զրահատեխնիկայով։ Իսրայելական ուժեր են նկատվել նաև բնակավայրի շրջակայքում, որտեղ նրանք ուղղաթիռների աջակցությամբ խուզարկել են տարածքը։
Իսրայելական հրետանին օրվա երկրորդ կեսին ինտենսիվ կրակ է վարել սահմանամերձ Մարջայուն շրջանում գտնվող Բանի Հայյան և Թալլուսա բնակավայրերի ուղղությամբ։ Հրետակոծության հետևանքով մի քանի տուն և շինություն է ավերվել։ Խաղաղ բնակիչների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թիրախային հարվածներ են հասցրել Հաուլա և Էլ-Խիամ քաղաքներին, ինչի հետևանքով ավերվել են երկու չգործող դպրոցների շենքեր։ Օդային հարվածներ են հասցվել ընդհանուր առմամբ ութ բնակավայրի ուղղությամբ, իսկ մի շարք վայրերում իսրայելական հարձակումներից հետո հրդեհներ են բռնկվել։
Լիբանանցի փորձագետները նշում են, որ հոկտեմբերի սկզբից Իսրայելն ակտիվացրել է Լիտանի գետից հյուսիս ընկած տարածքներում ռազմական գործողությունները, ինչը, նրանց գնահատմամբ, վկայում է անվտանգության գոտին ընդլայնելու Իսրայելի մտադրության մասին։