Անահիտ Հակոբյանը դուրս է եկել «Ну-ка, все вместе!» շոուի կիսաեզրափակիչ – armeniatoday.am

Հայ երգչուհի Անահիտ Հակոբյանը «Россия 1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» վոկալային շոուի ութերորդ եթերաշրջանում ստացել է առավելագույն՝ 100 միավոր և դուրս եկել նախագծի կիսաեզրափակիչ։

Հոկտեմբերի 2-ին հեռարձակված եթերաշրջանի չորրորդ թողարկման ժամանակ Հակոբյանը կատարել է ամերիկյան Mary Mary գոսպել դուետի Shackles (Praise You) ստեղծագործությունը։ Նրա ելույթի ընթացքում ոտքի են կանգնել շոուի բոլոր 100 փորձագետները։

Բեմ դուրս գալուց առաջ երգչուհին պատմել է, որ շուրջ մեկ տարի ելույթ չի ունեցել, և նախագծին մասնակցությունն իր համար վերադարձ է ստեղծագործական դադարից հետո։

Ավելի վաղ Հակոբյանը Պերմում հաղթահարել էր շոուի ժողովրդական քասթինգը՝ ընտրական փուլում կատարելով And I Am Telling You I’m Not Going երգը։

Հակոբյանի ելույթը բարձր են գնահատել շոուի ժյուրիի անդամները։ Սերգեյ Լազարևը կատարումն անվանել է «պայթյուն»՝ նշելով, որ հնարավորության դեպքում փորձագետները երգչուհուն ևս 100 միավոր կտային։

Վալերիան Հակոբյանին անվանել է «համաշխարհային մասշտաբի աստղ»՝ ընդգծելով նրա էներգիան և հմայքը։

«Ձեր մեջ բացարձակապես ամեն ինչ կա, մնում է միայն հիանալ»,- ասել է նա։

Երգիչ Եվգենի Գարանինը, իր հերթին, ընդգծել է Հակոբյանի վստահ ելույթն ու վոկալային տվյալները։ Նրա խոսքով՝ երգչուհին «հիանալի է երգում» և «հիանալի է զգում» երաժշտությունը։

Ժյուրիի մեկ այլ անդամ առանձնացրել է Հակոբյանի կատարողական ձեռագիրը՝ նշելով, որ նրա ելույթը մեծ համերգասրահում բազմահազարանոց հանդիսատեսի առջև համերգի տպավորություն է ստեղծել։

«Ես պարզապես լսում էի, վայելում, և ինձ համար շատ տպավորիչ էր։ <…> Դուք շատ տպավորիչ եք»,- ասել է նա։

Հակոբյանը և Ղազախստանը ներկայացնող «Бро» դուետը ստացել են 100-ական միավոր, որից հետո փորձագետները լրացուցիչ քվեարկություն են անցկացրել։ Հայ երգչուհին հաղթել է 59։41 հաշվով, զբաղեցրել թողարկման առաջատարների առաջին հորիզոնականը և ստացել կիսաեզրափակչի ուղեգիր։

Հակոբյանը 2024 թվականին հաղթել էր «Новая волна» միջազգային մրցույթում։

Leave a Comment