ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է Հայաստանի բոլոր մարզերում «Ընդդեմ ընտանեկան բռնության» շարժման նախաձեռնած ստորագրահավաքի մեկնարկի մասին։ Ստորագրահավաքի մասին նա պատմել է Facebook-յան իր էջում հրապարակված տեսաուղերձում։
«Ստորագրահավաքին մասնակցելով՝ դուք պետք է պատասխանեք մեկ շատ կարևոր, ճակատագրական հարցի. ուզո՞ւմ ենք մենք մեր ընտանիքներում բռնության մշակույթը փոխարինել սիրո, հարգանքի, համերաշխության, ներդաշնակության, փոխադարձ հաղորդակցության մշակույթով»,- ասել է Հակոբյանը։
Նա կանանց, տղամարդկանց և երիտասարդներին կոչ է արել միանալ նախաձեռնությանը և աջակցել բռնության մշակույթը սիրո, հարգանքի և համերաշխության մշակույթով փոխարինելուն։
Ստորագրահավաքն անցկացվում է նաև Երևանում։ Հակոբյանի խոսքով՝ Կասկադի մոտ գտնվող «Ընդդեմ ընտանեկան բռնության» շարժման շտաբն աշխատում է ամեն օր՝ ժամը 09։00-ից մինչև 20։00-ն։
Օգոստոսին Հակոբյանն առաջարկել էր ընտանեկան բռնությունը քրեականացնել որպես առանձին հանցագործություն։ Նա նաև երկու ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին հրավիրել էր միանալ նախաձեռնության շուրջ աշխատանքներին։
Սեպտեմբերին Հակոբյանը փակ հանդիպում էր անցկացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ, որի ընթացքում քննարկվել էր ընտանեկան բռնությունը քրեականացնելու նրա նախաձեռնությունը։
