
Վրաստանում ձերբակալել են «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 80 անձի։ Մեղադրանք կառաջադրվի ևս 14 անձի՝ այդ թվում է նաև այսպես կոչված «օրենքով գողի», որն արտերկրում է բնակվում։ Այս մասին հաղորդել է Georgia Online-ը՝ հղում կատարելով երկրի ներքին գործերի նախարարությանը։
Թբիլիսիում և երկրի շրջաններում տեղի է ունեցել լայնածավալ ոստիկանական գործողություն։
Քննության տվյալներով՝ «օրենքով գող» Գեորգի Գոգոլաձեի շրջապատի անդամները գործել են նրա անունից և նրա պաշտպանության ներքո։ Իրավապահ մարմինների աշխատակիցները պնդում են, որ նրանք պարբերաբար կազմակերպել են «գողական բախումներ», որոնց ընթացքում լուծել են ֆինանսական վեճերը՝ համաձայն քրեական ավանդույթների։