«Հանրակացարաններ»-ի գույքը կտրամադրվի «Օթևան» ՊՈԱԿ-ին․ ովքեր կօգտվեն դրանից

Iravaban.net–ը ուսումնասիրել է կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի կողմից փախստականների բնակեցման նպատակով օգտագործված գույքը «Օթևան» ՊՈԱԿ-ին տրամադրել անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով։

Ի՞նչ գույք է տրամադրվելու

Նախագծով նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված այն գույքը, որն օգտագործվել է «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի կողմից փախստականների բնակեցման նպատակով, տրամադրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ գործող «Օթևան» ՊՈԱԿ-ին։

Գույքը նախատեսվում է օգտագործել որպես պետական սոցիալական բնակարանային ֆոնդ և Հայաստանում ապաստան ստացած փախստականներին սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրումը կազմակերպելու նպատակով։

Ինչո՞ւ է գույքը փոխանցվելու «Օթևան»-ին

«Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ը մինչև 2023 թվականը գտնվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության ենթակայության ներքո և զբաղվել է Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց հանրակացարանային սենյակներում բնակեցմամբ։

2023 թվականին կազմակերպությունը հանձնվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությանը, իսկ 2026 թվականի փետրվարի 1-ից լուծարվել է՝ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 1659-Ա որոշման համաձայն։

Ներկայում պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվելու իրավունք ունեցող անձանց բնակեցումը և սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպվում է «Օթևան» ՊՈԱԿ-ի միջոցով։

Ի՞նչ է նախատեսվում անել գույքի հետ

Նախագծով առաջարկվում է գույքը «Օթևան» ՊՈԱԿ-ին տրամադրել անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով։

Այն նախատեսվում է օգտագործել՝

  • պետական սոցիալական բնակարանային ֆոնդի նպատակներով,
  • Հայաստանում ապաստան ստացած փախստականներին կացարանով ապահովելու համար,
  • նրանց սոցիալական աջակցության ոլորտի ծառայությունների տրամադրումը կազմակերպելու նպատակով։

Ի՞նչ ժամկետ է սահմանվելու

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո պետական գույքի կառավարման կոմիտեին առաջարկվում է մեկամսյա ժամկետում «Օթևան» ՊՈԱԿ-ի հետ կնքել գույքն անհատույց և անժամկետ օգտագործման հանձնելու պայմանագրերը։

Միաժամանակ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 1659-Ա որոշման 4-րդ կետը։

Պետական բյուջեից լրացուցիչ գումար կտրամադրվի՞

Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն։ Պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն ակնկալվում։

Ո՞վ է մշակել նախագիծը

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից։

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել Հայաստանում ապաստան ստացած փախստականներին կացարանով ապահովման և սոցիալական աջակցության ծառայությունների կազմակերպումը։

-տեղեկացնում է Iravaban.net–ը։

Leave a Comment