Iravaban.net–ը ուսումնասիրել է կառավարության 2026 թվականի նիստում ընդգրկված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2027 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։
Նախագծով նախատեսվում է 2027 թվականին իրականացնել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործմանն ուղղված մի շարք միջոցառումներ։
Ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում Սևանա լճի շրջակայքում
Ծրագրով նախատեսվում է Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում, այդ թվում՝ 1901.5 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների մաքրման և ապամոնտաժման աշխատանքներ։
Միջոցառման շրջանակներում նախատեսվում է՝
- ջրածածկման ենթակա տարածքներում առկա շենք-շինությունների և ենթակառուցվածքների գույքագրում,
- ապամոնտաժման առաջնահերթությունների սահմանում,
- առնվազն 150 միավոր շենք-շինության և ենթակառուցվածքի ապամոնտաժում,
- առաջացած թափոնների հեռացում և համապատասխան տարածքների մաքրում։
Ի՞նչ է ուսումնասիրվելու «Սևան» ազգային պարկի տարածքում
Ծրագրով նախատեսվում է ուսումնասիրել «Սևան» ազգային պարկի տարածքում 1905 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող մոտ 200 հողօգտագործողների հողօգտագործման իրավական հիմքերը։
Կուսումնասիրվեն՝
- հողօգտագործման իրավական հիմքերը,
- պայմանագրերը,
- պետական գրանցման տվյալները,
- հողամասերի սահմանները,
- փաստացի օգտագործումը,
- վարձավճարների և պայմանագրերի ժամկետների համապատասխանությունը։
Ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է բացահայտել առկա իրավական և պայմանագրային խնդիրները, բացառել նոր անօրինական հողօգտագործման և ինքնակամ շինարարության դեպքերը և անհրաժեշտության դեպքում կիրառել օրենսդրությամբ նախատեսված միջոցներ։
Ի՞նչ է նախատեսվում կեղտաջրերի մաքրման ուղղությամբ
Ծրագրով նախատեսվում է Սևանա լճի ջրհավաք ավազանում առաջացած կեղտաջրերի մաքրում։
Միջոցառմամբ նախատեսվում է Սևանա լճի առափնյա համայնքների կոյուղացման, ինչպես նաև ժամանակակից լոկալ կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման աշխատանքների իրականացում։
Նախատեսվում է նաև Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններում կենսաբանական մաքրման և տիղմի մշակման կառուցվածքների շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և կենսաբանական մաքրում իրականացնող կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում։
Ո՞վքեր են ստուգվելու
Ծրագրով նախատեսվում է Սևանա լճի ջրհավաք ավազանում գործունեություն իրականացնող 100 խոշոր ջրօգտագործողների ջրօգտագործման գործընթացների համալիր ուսումնասիրություն։
Կհամադրվեն և կստուգվեն ջրօգտագործման թույլտվություններով սահմանված և փաստացի ջրառի ու ջրահեռացման ծավալները։
Միաժամանակ նախատեսվում է գույքագրել և գնահատել տնտեսվարող սուբյեկտների կեղտաջրերի մաքրման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական ու տեխնոլոգիական վիճակը, կիրառվող մաքրման տեխնոլոգիաներն ու մեթոդները։
Կգնահատվի նաև ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի փաստացի քանակական և որակական ցուցանիշների համապատասխանությունը սահմանված պահանջներին։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Ծրագրի համաձայն՝ միջոցառումների իրականացումը հնարավորություն կտա ձևավորել Սևանա լճի ջրհավաք ավազանում խոշոր ջրօգտագործողների վերաբերյալ միասնական և համադրելի տվյալների բազա, բացահայտել թույլատրված և փաստացի ջրօգտագործման ու ջրահեռացման ծավալների միջև առկա տարբերությունները, ինչպես նաև արձանագրել կեղտաջրերի մաքրման համակարգերի տեխնիկական, տեխնոլոգիական և շահագործման խնդիրները։
Ուսումնասիրության արդյունքների հիման վրա նախատեսվում է մշակել բացահայտված անհամապատասխանությունների և խնդիրների վերացմանն ուղղված առաջարկություններ և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ։
Ի՞նչ է նախատեսվում Սևանա լճից ջրառի մասով
Տարեկան ծրագրում ներառվել է ըստ տարեկան հաստատված առավելագույն չափաքանակի Սևանա լճից ջրթողումների և ջրառների պլան-ժամանակացույցի կազմման և այն շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնելու միջոցառումը։
Պլան-ժամանակացույցը կազմվելու է՝ հիմք ընդունելով համապատասխան ջրօգտագործողների կողմից ներկայացված հայտերը, գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար գործող նորմատիվային պահանջները, ինչպես նաև ջրային ռեսուրսների առկայությունն ու ոռոգման համակարգերի շահագործման առանձնահատկությունները։
Կազմված պլան-ժամանակացույցը սահմանված ժամկետում՝ մարտ-ապրիլ ամիսներին, ներկայացվելու է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։
Ո՞րն է նախագծի նպատակը
Նախագծի կարգավորման նպատակն է Սևանա լճի, որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանումը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կայուն օգտագործմանն ուղղված 2027 թվականի նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարման ապահովումը։
Ի՞նչ արդյունքներ են ակնկալվում
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության, վերականգնման և կայուն օգտագործմանն ուղղված համալիր միջոցառումների հետևողական իրականացում։
Նախատեսվում է նաև կենսաբազմազանության պահպանության մակարդակի բարձրացում, ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայող օգտագործման ապահովում, կեղտաջրերի մաքրման համակարգերի նախագծման, կառուցման և արդիականացման գործընթացների իրականացում, ջրածածկման ենթակա տարածքներում շինությունների և ենթակառուցվածքների ապամոնտաժման ու թափոնների մաքրման աշխատանքների իրականացում, ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման, վերարտադրության և համալրման աշխատանքների իրականացում, Սևանա լճի շուրջ անտառվերականգնման աշխատանքների իրականացում, ռեկրեացիոն ներուժի կայուն և վերահսկելի զարգացում, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի կառավարման, գիտական ուսումնասիրությունների և անտառտնտեսական աշխատանքների համակարգի կատարելագործում։
Ի՞նչ ֆինանսավորում է նախատեսվում
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա։
Տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների, համապատասխան պետական և համայնքային ծրագրերի, միջոցառումների շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին՝ ըստ տարեկան ծրագրի հավելվածով նախատեսված ֆինանսավորման աղբյուրների։
Միաժամանակ, տարեկան ծրագրով նախատեսված առանձին միջոցառումների իրականացման համար պետական բյուջեով նախատեսված են համապատասխան ֆինանսական հատկացումներ, այդ թվում՝ Արփա-Սևան թունելի պահպանման և շահագործման, ձկան պաշարների համալրման և «Սևան» ազգային պարկի կառավարման, գիտական ուսումնասիրությունների և անտառտնտեսական աշխատանքների իրականացման ուղղություններով։
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2026-2030 թվականների գործունեության ծրագրով ամրագրված՝ ջրային ռեսուրսների կայուն և արդյունավետ կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման քաղաքականությունից,-տեղեկացնում է Iravaban.net–ը։