Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 3-ին այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և տեսակցել Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին։
Պաշտպանն ու իր աշխատակազմի ներկայացուցիչներն ուսումնասիրել են Ավետիսյանի բժշկական օգնության և իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր։
ՄԻՊ-ը հավաստիացրել է՝ Ավետիսյանի և նրա երեխաների իրավունքները, ինչպես նաև դեպքի հետ կապված մյուս հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական վերահսկողության ներքո։
Մանասյանը կարևորել է դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բազմակողմանի, օբյեկտիվ և պատշաճ քննության իրականացումը։
Նա նաև ընդգծել է, որ մշտադիտարկում է իրականացնում ձերբակալված ադրբեջանցի Նասիմի Մուսաևի իրավունքների պահպանման ուղղությամբ։
Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի հատել էր Հայաստանի սահմանը, Շաքիում կրակել տեղի բնակչուհու վրա, ավելի ուշ՝ ձերբակալվել։ Կրակոցի հետևանքով 39-ամյա կինը կորցրել էր ձախ ձեռքի երեք մատը։
Դեպքի առթիվ հոկտեմբերի 2-ին քրեական վարույթ էր նախաձեռնվել հինգ հոդվածով։ Մուսաևը կալանավորել էր երկու ամսով։
Տուժածի քրոջ՝ Արփի Ավետիսյանի պատմելով՝ զինված Մուսաևին տանն առաջինը տեսել էին դպրոցից վերադարձած երեխաները։ Նրա խոսքով՝ Մուսաևը երեխաներից խլել էր հեռախոսը և նրանց պատանդ վերցրել։ Ավետիսյանն ամուսնու հետ տուն հասնելուց հետո փորձել էր պաշտպանել երեխաներին, երբ Մուսաևը զենքն ուղղել էր նրանց կողմը։ Նա կրակել էր կնոջ վրա, ինչի հետևանքով Ավետիսյանը կորցրել էր ձախ ձեռքի երեք մատը և վնասվածքներ ստացել ձեռքի ու ոտքի շրջանում։
