PISA-ն դատավճիռ չէ, այլ ելակետ. Սերոբ Խաչատրյանը՝ Հայաստանի կրթության համակարգային բացերի մասին. «Դպրություն»

PISA-ն 15-ամյա աշակերտների գիտելիքներն ու հմտությունները գնահատող միջազգային ծրագիր է, որն իրականացվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից՝ ստուգելու 15 տարեկան դպրոցականների ֆունկցիոնալ գրագիտությունը և գիտելիքները կյանքում կիրառելու հմտությունները։

Հրապարակվեցին Աշակերտների գնահատման միջազգային ծրագրի՝ PISA-ի միջազգային գնահատման արդյունքները, որին Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ։ Մեր աշակերտների ցուցանիշները բնագիտության, մաթեմատիկայի և ընթերցանության ոլորտներում զգալիորեն ցածր են միջազգային միջինից։  

PISA միջազգային գնահատման վերջին տվյալները լրջագույն ահազանգ դարձան հայաստանյան կրթական համակարգի համար. մեր 15-ամյա պատանիների միայն 19%-ն է հասել ընթերցանության բազային մակարդակին: Շատերի համար սա անսպասելի էր, սակայն ոլորտի մասնագետները տարիներ շարունակ բարձրաձայնում են խնդիրների մասին։                                             

Ի՞նչ է թաքնված այս թվերի հետևում, և ինչո՞ւ է հայ աշակերտը դժվարանում դպրոցում ստացած գիտելիքը կիրառել իրական կյանքում:                                                                                                      

«Այն, որ ցուցանիշները կլինեին ցածր՝ սպասելի էր, որովհետև բոլորս գիտենք մեր կրթական համակարգի խնդիրները։ Դրան ավելացավ այն հանգամանքը, որ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում և պարզ է, որ աշակերտների համար առաջադրանքները մի փոքր կարող էին անսպասելի լինել։ Բայց, իհարկե այստեղ խնդիրն այն է, որ մենք կարող էինք այս իրավիճակին պատրաստվել։ Մանավանդ, գիտեինք, որ հատկապես բնագիտությունից և ընթերցանությունից մենք խնդիրներ ունենք։ Այստեղ խնդրահարույց է նաև այն, որ մենք ազգային ստուգատեսներ չենք անցկացնում։ Շատ կարևոր խնդիր է նաև ուսուցիչների վերապատրաստումը։ Ինձ համար դա Հայաստանի կրթության կարևորագույն հարցերից մեկն է», – ասում է կրթության ոլորտի փորձագետ, ԵՊՀ դասախոս, փիլիսոփա Սերոբ Խաչատրյանը։

Հայաստանը վերջին տարիներին փուլ առ փուլ ներդնում է Հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որի հիմքում հենց կարողունակություններն են (այն, ինչ ստուգում է PISA-ն): Սակայն այս ստուգատեսին մասնակցած 15-ամյա աշակերտները մեծամասամբ դեռ հին ծրագրերով ու դասագրքերով կրթված սերունդն են:

«Նշեմ, որ կրթությունը միայն չափորոշիչով չէ։ Շատ ազդող գործոններ կան՝ ուսուցիչների վերապատրաստում, ուսուցիչների կրթություն, երկրի ընդհանուր վիճակ։ Այս ամենի վրա, անշուշտ, նաև քովիդն էլ է ազդում, պատերազմն էլ է ազդում։ Չի կարելի սպասել նոր չափորոշչի արդյունքին, պետք է հենց հիմա փոխել բազմաթիվ մոտեցումներ», – ասում է կրթության ոլորտի փորձագետ, ԵՊՀ դասախոս, փիլիսոփա Սերոբ Խաչատրյանը։

Սերոբ Խաչատրյան

PISA գնահատման առաջին արդյունքները ցույց տվեցին, որ մեր 15-ամյա աշակերտների ճնշող մեծամասնությունը դժվարանում է տարրական տեքստեր հասկանալ ու վերլուծել։

Բայց արդյո՞ք սա ամբողջական պատկերն է, երբ երկրի 15 տարեկանների մի զգալի մասը՝ քոլեջների ու ուսումնարանների (ՄԿՈՒ) սովորողները, ընդհանրապես չեն մասնակցել այս ստուգատեսին։

«Վերջին տարիներին բարձր առաջադիմությամբ բազմաթիվ շրջանավարտներ գնում են քոլեջներ, ոչ թե ավագ կամ միջնակարգ դպրոցներ։ Մի հետաքրքիր տվյալ նշեմ․ վերջին հինգ տարիների ընթացքում շարունակաբար աճում է 9-րդ դասարանը գերազանցությամբ ավարտողների թիվը։ Իսկ 2025 թվականին այդ թիվը քառապատկվել է։ Եթե այդպես է, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ PISA-ի արդյունքը ցածր եղավ։  Բայց, ասեմ ինչո՞ւ է քառապատկվել։ Որովհետև 9–րդ դասարանի վկայականի միջին թվանշանը քոլեջ ընդունվելիս հաշվի է առնվում։ Այսինքն, այստեղ աշակերտները փորձում են բարձրացնել իրենց թվանշանները, և շատ դեպքերում՝ արհեստական ձևով, որպեսզի ստանան գերազանցության վկայական, որ օրինակ՝ քոլեջում հավակնեն անվճար տեղի։ Մենք այստեղ էլ խնդիր ունենք։ Քոլեջ չպետք է գնան գերազանցիկները։ Ամբողջ աշխարհում քոլեջները նախատեսված են միջին և ցածր առաջադիմությամբ սովորողների համար։ Իսկ գերազանց սովորող երեխաները պետք է գնան ավագ դպրոցներ, վարժարաններ և այլն», – մտահոգ շարունակում  է փորձագետը։                

ԿԳՄՍ նախարարությունը նշել է, որ այս արդյունքները կրթական բարեփոխումների ֆոնին դիտարկվելու են որպես «ելակետային տվյալներ»։                                  

Leave a Comment