Ռուսաստանը հարված է հասցրել նաև Կիևի Հյուսիսային կամուրջին

Ռուսական զորքերը երրորդ օրն անընդմեջ հարվածում են Կիևի Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներին։ Այսօր առավոտյան Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ այս անգամ հարված է հասցվել Հյուսիսային կամուրջին (մինչև 2018 թվականը հայտնի էր որպես Մոսկովյան կամուրջ)։

Կլիչկոյի խոսքով՝ այս կամրջի վրա ավտոճանապարհը և տրոլեյբուսային օդային գծերը վնասվել են։ Դնեպրի ձախ ափից աջ երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել է։

Ավելի ուշ Կիևի քաղաքային պետական ​​վարչությունը հայտնել է, որ Հյուսիսային կամրջի վրա հարձակման պատճառով կասեցված ավտոբուսային երթուղիները վերսկսել են աշխատանքը՝ որոշ ուշացումներով։

Ճարտարապետական ​​​​տեսարժան վայր հանդիսացող Հյուսիսային կամուրջը կապում է Ուկրաինայի մայրաքաղաքի աջ ափի շրջանները Ռադուժնի, Վիգուրիվշչինա-Տրոյեշչինա և Վոսկրեսենկա բնակելի թաղամասերի հետ։

Երկու օրում հինգ հարված՝ Հարավային կամրջին

Հոկտեմբերի 1-2-ը ռուսական զորքերը հինգ անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Կիևի մեկ այլ՝ Հարավային կամրջին, որը համարվում է մայրաքաղաքի աջ և ձախ ափերը կապող կարևոր տրանսպորտային զարկերակը։ Այն ներկայումս փակ է երթևեկության և մետրոյի համար։ Քաղաքային իշխանությունները սպասում են կամրջի վիճակի փորձագիտական ​​գնահատականներին՝ մետրոյի աշխատանքը վերսկսելուց առաջ։

Leave a Comment