Նիկոլ Փաշինյանը երկու «դավանաքարի» արանքում. Հակոբ Բադալյան

Ելույթ ունենալով Երեւանում անցկացվող Ազգային աղսոթքի նախաճաշին, որը տեղի է ունենում երկրորդ տարին, Նիկոլ Փաշինյանը ըստ էության զբաղվել է Թրամփի խաղաղարարության փառաբանումով, ասելով, որ առանց նրա անձնական ներգրավվածության չէր լինի հայ–ադրբեջանական խաղաղություն։

Երբ դա հայտարարվում է այն ժամանակ, երբ ադրբեջանցի զինծառայողը զենքը ձեռքին ներթափանցում է Հայաստան ու վիրավորում խաղաղ բնակչին, Նիկոլ Փաշինյանի ելույթը կամա, թե ակամա վերածվում է Թրամփի հանդեպ ծաղրի։ Որովհետեւ նրանք, ովքեր եկել են Հայաստան ու մասնակցում են Ազգային աղոթքի նախաճաշին՝ խելոք մարդիկ են, տողեր ու տողատակեր հասկացող։ Նրանք Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը չեն, որ շահադիտական նկատառումներից կամ քննական մտածողության ու տարրական մեդիագրագիտության բացակայությունից ելնելով կուլ տան Փաշինյանի արտաբերած ցանկացած միտք։

Նիկոլ Փաշինյանն իհարկե դա գիտե։ Հետեւաբար կառաջանա հարց՝ ինչո՞ւ է դե ֆակտո ծաղրում Թրամփին, երբ բոլորը գիտեն, որ հաստատվածը խաղաղություն չէ, եւ առավել եւս՝ Թրամփի ջանք չէ։ Դա Իսրայելի ջանք է, իսկ ավելի ստույգ՝ Իսրայելի ջերմեռանդ աջակցությամբ դիրքավորված ամերիկյան քրիստոնյա–սիոնիստների։ Ես նախորդ օրերին տարբեր գրառումներով անդրադարձել եմ նրանց հետ Փաշինյանի վարչակազմի հաղորդակցության մասին։ Քրիստոնյա–սիոնիստների ազդեցիկ համայնքի «գաղափարական եւ դավանա–քաղաքական» հենքը ամեն ինչ հանուն Իսրայելի տրամաբանությունն է։ Թրամփի ուղին են նրանք գլուխ են բերել հանուն Իսրայելի։

Բայց, Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո հեգնական ռեվերանս անելով Թրամփին, այսպես ասած կոնֆեսիոնալ ռեվերանսը անում է հենց այն շրջանակին, որին հրավիրել է Երեւան։ Եվ նրանց առաջ հայտարարում է, թե՝ «որքան էլ դժվար լինեն փորձություններն ու դժվարությունները՝ չպետք է հուսահատվել, որովհետև հուսահատվել նշանակում է չհավատալ Աստծուն, հավատալ Աստծուն նշանակում է չհուսահատվել։ Եվ, ըստ Փաշինյանի, դժվարությունները նա հաղթահարել է մի պարզ պատճառով՝ հավատում է Աստծուն»։

Սա ըստ էության արդեն որոշակի «միջանկյալ» դիրքավորում է, այն դեպքի համար, երբ Միացյալ Նահանգներում ներքաղաքական կյանքում առավել սուր եւ վճռորոշ կդառնա քրիստոնյա–սիոնիստների եւ կաթոլիկների դիմակայությունը։

Հակոբ Բադալյան, աղաքական վերլուծաբան

Leave a Comment