Ներկայացվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի վերաբերյալ հետազոտության նախագիծը

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Ընդլայնված գենդերային թեմատիկ խմբի «Կանանց քաղաքական մասնակցություն» ենթախմբի հերթական հանդիպումը՝ «Գենդերային հավասարություն և ներառական կառավարում․ ինստիտուցիոնալ մոտեցումներ և նորարարական գործիքներ» խորագրով։ Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարիամ Պողոսյանը:

Բացման խոսքում նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը կարևորել է որոշումների կայացման գոդծընթացում կանանց առաջխաղացմանն ուղղված շարունակական միջոցառումների ու նախաձեռնությունների իրականացումը: Նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն այս համատեքստում իրականացնում է թե՛ օրենսդրական դաշտի լավարկման, թե՛ մասնագետների կարողությունների զարգման աշխատանքներ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ իրականացված հետազոտության նախագիծը: Քննարկվել են Օրենքի կիրակման հետ կապված խնդիրները, ներկայացվել են նաև Օրենքի հետագա լավարկման վերաբերյալ առաջարկություններ:

Leave a Comment