ԱԱԾ հայտարարությունը․ Շաքիում սահմանը հատել է բացառապես մեկ անձ՝ Ադրբեջանի զինծառայող Ն․ Մուսաևը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում սահմանն ապօրինի հատելու դեպքով ձերբակալվել և կալանավորվել է բացառապես մեկ անձ՝ Ադրբեջանի զինծառայող Ն. Մուսաևը:

ԱԱԾ–ն հերքում է սոցիալական ցանցերում և մեդիադաշտում տարածվող այն լուրերը, թե տարածքում եղել են այլ դիվերսանտներ կամ խմբեր, և որ այժմ որոնողական աշխատանքներ են ընթանում: Բնակչությանը հորդորվում է զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։

«Նկատի ունենալով, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Ն. Մուսաևի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տարբեր սոցհարթակներով, լրատվամիջոցներով և այլ հանրային հարթակներով տարածվում են իրականությանը չհամապատասխանող լուրեր, հարկ ենք համարում կրկին պարզաբանել, որ ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը, ով ներկայումս նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է դատարանի որոշմամբ:
Մյուս բոլոր տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք, դիվերսանտներ և մինչ այժմ իրավապահ մարմինների կողմից տարվում են որոնողական աշխատանքներ, բացարձակ անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Հանրությանը հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին»,– ասված է հաղորդագրությունում:

Leave a Comment