Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հայկական սփյուռքի ռևանշիստական ուժերը ողջ են և փորձում են խաթարել խաղաղության օրակարգը։
Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Քամալյանը։
-Ի՞նչ քաղաքական ուղերձ է այս հայտարարության միջոցով փորձում նա փոխանցել Երևանին։
-Առհասարակ, վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմից նկատվում է ապակառուցողական դիրքորոշում։ Իհարկե, դա սուր արտահայտված չէ, բայց, ամեն դեպքում, երևում է, որ նրանք փորձում են լարել իրավիճակը։ Իսկ թե նպատակը խաղաղության գործընթացը վիժեցնելն է, թե խաղաղության պայմանագրի ձգձգումը, դժվար է ասել։ Հակված եմ, որ նրանք այս դեստրուկտիվ մոտեցումներով փորձում են ձգձգել, որովհետև, ըստ ամենայնի, կա չերևացող ճնշում Ադրբեջանի վրա, որ ժամանակն է այդ խաղաղության պայմանագիրն ստորագրելու։ Հիմա այդ դեստրուկտիվ հայտարարություններով փորձում են պատասխանատվությունը որոշակիորեն բերել հայկական տիրույթ։ Իսկ հայկական տիրույթում կան քաղաքական ուժեր, որոնք իշխանություն չեն, բայց քաղաքականության մեջ են և ունեն ռևանշիստական պատկերացումներ, հատկապես՝ ՀՅԴ-ն և այլն, իսկ ադրբեջանական կողմը փորձում է դա օգտագործել ի նպաստ իրենց։
-Ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն այս փուլում առանձնահատուկ ուշադրություն դարձնում հայկական սփյուռքի գործունեությանը։
-Ընդհանրապես, հայկական սփյուռքի մասին ուռճացված գնահատականներ կան։ Եթե նայենք Ռուսաստանի, Ուկրաինայից քաղաքագիտական շրջանակներն ինչպես են նկարագրում հայկական սփյուռքի նշանակությունը Հայաստանի արտաքին քաղաքականության համար, նույնն էլ, գուցե, կարող են Ադրբեջանում մտածել, որ, օրինակ, հայկական սփյուռքը մեծ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։ Իրականում, 2018 թվականից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, և նաև պատերազմի ավարտ եղավ, հայկական սփյուռքի և Հայաստանի պաշտոնական դիրքորոշման միջև ահռելի տարբերություն կա։ Հայկական սփյուռք ասելով հիմնականում ՀՅԴ-ի, «Հայ դատի» գրասենյակներին են պատկերացնում, բայց սխալ է նրանց նույնացնել Հայաստանի այսօրվա պետական արտաքին քաղաքականության հետ։ Իսկ եթե նրանք գիտեն և նույնացնում են, ուրեմն դիտավորյալ են անում։ Փորձենք ընդունել, որ ավելի շատ թյուր կարծիք կա այս պարագայում։
-Նա նաև մտահոգիչ է համարել հայ երիտասարդության շրջանում ռևանշիստական տրամադրությունների պահպանումը՝ Հայաստանի կառավարությանը կոչ անելով ակտիվ աշխատել հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Սա ևս ուռճացված գնահատական է։ Ավելի շատ պրովոկացիոն բնույթի հայտարարություններ են կրկնում։ Կարծում եմ՝ Ադրբեջանը նմանատիպ հայտարարություններով փորձում է լարել մթնոլորտը։ Գանձասարի հայտնի իրադարձությունից հետո, երբ Հաջիևը փորձում էր ծաղրել իր անգրագետ պահվածքով, շղթայաբար շարունակվում է։ Կարծում եմ՝ հայկական կողմը չպետք է տրվի այդ գայթակղությանը և փորձի համարժեք պատասխաններ տալ։ Բայց իրականում, գոնե՝ քաղաքագիտական շրջանակները կամ ոչ պետական պաշտոն կրող մարդիկ, կարող են նրան պատասխանել, որ եթե Հայաստանում կան ռևանշիստական տրամադրությամբ երիտասարդներ, ապա Ադրբեջանում դրանք տասնապատիկ ավելին են։ Ադրբեջանը պետական մակարդակով է շարունակում հայատյաց քաղաքականությունը։ Այնտեղ ամեն երկրորդը թշնամաբար է վերաբերում հայ ժողովրդին։ Իսկ իրականում, եթե ադրբեջանական կողմը ցանկանում է վերջնական խաղաղություն, պետք է սկսի իր ներսում այդ գործընթացն այնպես, ինչպես Հայաստանի իշխանություններն են կամք ունեցել և անում են դա։ Քաջություն պետք է ունենալ խաղաղության քաղաքականություն իրականացնել նաև ակադեմիական կերպով․ մեծ համարձակություն է պետք։ Ասեմ, որ բավականին լավ ստացվում է իշխանության մոտ։ Օգոստոսի 8-ի պայմանագիրն ստորագրելով՝ Ադրբեջանը մտել է մի փուլի մեջ, որտեղից դժվարությամբ կարող է դուրս գալ։ Այո՛, կան միջազգային խաղացողներ, չեմ թաքցնի, հատկապես՝ Ռուսաստանը, որը ցանկանում է վիժեցնել օգոստոսի 8-ը, «TRIPP» նախագիծը, և ադրբեջանցիները դիտարկում են, որ եթե, օրինակ, Միացյալ Նահանգները թուլանում է աշխարհաքաղաքական զարգացումներում, ինքը կարող է ռուսական մոդելի լուծման ետևից գնալ, իսկ այնտեղ Հայաստանը լինելու է միակ կորցնողը։ Դրա համար Ադրբեջանն ուզում է ձգձգել խաղաղության պրոցեսը՝ հասկանալու առաջիկա 3-4 տարում ինչպես կընթանան զարգացումները, և արդյոք նրանք կկարողանան հնարավորություն ունենալ ավելի մաքսիմալիստական նկրտումներ ունենալ։ Եթե ոչ, հանգիստ կմնան օգոստոսի 8-ի հռչակագրի մեջ և կշարունակեն խաղաղության պրոցեսը։
-Հաջիևը վերջին հայտարարություններում միաժամանակ ասում է, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև «հայ ժողովրդի հետ»։ Ըստ Ձեզ՝ ժողովուրդը պատրա՞ստ է։
-Ներկա պահին ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի ժողովուրդը մերձենալու տրամադրություններ չունեն։ Դա հնարավո՞ր է. կարճաժամկետ առումով՝ ոչ, բայց երկարաժամկետ առումով հնարավոր է հաստատել խաղաղություն։ Բայց խաղաղություն հաստատելու համար պետք է իրականացնել քաղաքականություն, ինչն առայժմ Հայաստանի դեպքում երևում է, իսկ Ադրբեջանի՝ ոչ։ Բայց, կրկնում եմ, Հայաստանն իր քաղաքական դիրքորոշումը չպետք է փոխի, չպետք է տուրք տա գայթակղությանը և մտնի դեստրուկտիվ դաշտի մեջ ադրբեջանցիների հետ։ Պետք է փորձել խաղաղության քաղաքականությունն առաջ տանել․ առհասարակ, խաղաղությունն օրակարգ է, որն ուժեղ խաղաքարտ է Հայաստանի ձեռքին։
Լիլիթ Աբրահամյան
