Սպասում ենք Հայաստանի արձագանքին երկաթուղու հատվածների վերականգնման հարցով․ Օվերչուկ

Ռուսաստանը սպասում է Հայաստանի արձագանքին Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման երկաթուղու երկու հատվածների վերականգնման առաջարկի վերաբերյալ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ հարցը քննարկվել է հոկտեմբերի 2-ին։ Մոսկվան աջակցում է երկու հատվածների վերականգնմանը և պատրաստ է մասնակցել աշխատանքներին՝ Հայաստանին տրանսպորտային կապի ապահովման հարցում աջակցելու համար։

Օվերչուկը նշել է, որ համապատասխան որոշումները Ռուսաստանում նախագահի մակարդակով ընդունվել են դեռևս 2026 թվականի հունվարին, և այժմ Մոսկվան սպասում է հայկական կողմի արձագանքին։

ՌԴ փոխվարչապետը նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում են կարևոր հանդիպումներ, որոնք, նրա գնահատմամբ, կարող են առաջ մղել հարցը։

2025 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանին խնդրել է հնարավորինս արագ վերականգնել Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման երկաթուղային հատվածները։

2026 թվականի սկզբին Երևանը հայտնել էր, որ Մոսկվայից հարցի վերաբերյալ դրական արձագանք է ստացել։ Փաշինյանն ընդգծել էր, որ Երասխ-Ախուրիկ երթուղու վերականգնումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի՝ այն դիտարկելով որպես տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և Հայաստանի տարանցիկ ներուժի մեծացման հնարավորություն։

Leave a Comment