
Ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար:
Հանձնաժողովն, ըստ ԱԺ նախագահի հայտարարության, ստեղծվել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով:
Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի խորհրդարանի հերթական նիստում։
Սեպտեմբերին հրապարակվց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցը: Այն կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ով անցած տարվանից փորձում է գահից հեռացնել Առաքելական եկեղեցու հովվապետին՝ Գարեգին երկրորդին ներկայացնելով մի շարք լուրջ մեղադրանքներ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ այն կարող է դառնալ նաև խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման ու քննարկման առարկա:
Նախօրեին էլ վարչապետ Փաշինյանը ասել է, որ «օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն, որով եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կառավարության կողմից հրապարակված զեկույցը «հակասահմանադրական, հակականոնական և անօրինական» է որակել։
Վարչապետ Փաշինյանը, որն ավելի քան մեկ տարի է՝ տարբեր պատճառաբանություններով փորձում է հասնել կաթողիկոսի հեռացմանը, այդ հարցը ներառել է նաև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական և իր կառավարության ծրագրում։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում, սակայն, նա քաղաքացիների հետ այս մասին չի խոսել և չի անդրադարձել եկեղեցուն կամ հոգևորականներին։ Վարչապետն այս օրակարգը թարմացրեց միայն ընտրվելուց հետո։