Փաշինյանը Ղազարյանից 6 մլն դրամ և հրապարակային հերքում է պահանջում – armeniatoday.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իր հասցեին հնչեցրած հայտարարությունը և 6 մլն դրամ փոխհատուցում վճարել, տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Ըստ Datalex-ի տվյալների՝ հայցը Երևանի քաղաքացիական դատարանը ստացել է հոկտեմբերի 1-ին, իսկ գործը մակագրվել է դատավոր Մարինա Տաշչյանին։

Հայցը վերաբերում է սեպտեմբերի 27-ին Ղազարյանի՝ News.am-ին տված հարցազրույցում Փաշինյանի հասցեին հնչեցրած հայտարարությանը։ Ղազարյանը պնդել էր, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում ադրբեջանական առաջխաղացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ից հետո, երբ Փաշինյանը մեկնել էր Ստեփանակերտ, հրամանատարաշտաբային կետում խորհրդակցություն անցկացրել և վերադառնալուց հետո, ըստ Ղազարյանի, «սկսել թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ»։

Հայցում նշվում է, որ Փաշինյանը պահանջում է Ղազարյանին պարտավորեցնել այդ տեղեկությունները հրապարակայնորեն հերքել՝ հայտարարելով, որ դրանք «ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են իրեն»։

Ըստ հայցադիմումի՝ հերքումը պետք է հնչի News.am-ի միջոցով՝ ուղիղ տեսաձայնագրմամբ։

Վիճարկվող հայտարարությունը Ղազարյանը հնչեցրել էր սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի վեցերորդ տարելիցի օրը։ 

Leave a Comment