
Հայաստանը հանձնառու է շարունակել համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որին մասնակցել է տեսակապի միջոցով։
Հայաստանի վարչապետը միաժամանակ խոսել է հայկական ապրանքների արտահանման շուրջ Ռուսական սահմանափակումների մասին: Ըստ նրա, սահմանափակումները շարունակում են զգալիորեն խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությանը։
«Այս առումով մենք կարևոր ենք համարում շարունակել կառուցողական երկխոսությունը՝ հայկական արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտները վերացնելու համար՝ համաձայն ԵԱՏՄ օրենսդրության», – նշել է Փաշինյանը։
«Ես վստահ եմ, որ այս ուղղությամբ հետևողական առաջընթացը ծառայում է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերին՝ ապահովելով կայուն առևտրային հոսքեր, շուկայի մասնակիցների համար կանխատեսելի պայմաններ և ամրապնդելով տնտեսական համագործակցությունը», – հավելել է նա։
Ռուսաստանն այս տարվա մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը։ Այս սահմանափակումները հաջորդեցին Երևանում անցկացված Եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։
Մոսկվան պնդում է, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև: Երևանը հայտարարել է, որ առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու դիմումի գործընթացը, սակայն այժմ հանրաքվե անելու անհրաժեշտություն չի տեսնում: