Հոկտեմբերի 1-ին Երևանի քաղաքացիական դատարան գործ է ստացվել, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ։ Գործը մակագրվել է դատավոր Մարինա Տաշչյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Նիկոլ Փաշինյանը պահանջում է՝ պարտավորեցնել Պատասխանող Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին՝ 27․09․2026թ․ Հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել, հետևյալ բովանդակությամբ և կարգով։
Բովանդակությունը՝ «2026 թվականի սեպտեմեբերի 27-ին տրված հարցազրույցի ընթացքում, ես՝ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանս, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածել եմ հետևյալ տեղեկությունը՝ «Ադրբեջնական առաջխաղացումը, պաշտպանական բնագծի ճեղքում և առաջխաղացումը եղել ա ընդամենը 2020 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց Ստեփանակերտ, ընդեղ անցկացրեց խորհրդակցություն հրամանատարաշտաբային կետում, վերադարձավ, սկսեց թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ»։ Հայտնում եմ, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։
Կարգը՝ Հերքումն իրականացնել Նյուզ Էյ Էմ լրատվական ընկերության («Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 01247832) միջոցով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ «Հերքում՝ 27․09․2026թ․ հարցազրույցի ընթացքում իմ կողմից ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրի ներքո, վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով։ Հերքումը իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Հերքումը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը»։
Պատսխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 6․000․000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցման գումար։