«Աղոթքի նախաճաշերն» օգտագործվում են Փաշինյանին աջակցելու համար․ Ամստերդամ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Ռոբերտ Ամստերդամը քննադատել է կրոնական ազատության հարցերով ամերիկացի ներկայացուցիչների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ՝ այն համարելով աջակցություն նրա քաղաքականությանը։

«Աղոթքի նախաճաշ» երկրոդ միջոցառումը Երևանում մեկնարկել է հոկտեմբերի 2-ին և կանցկացվի մինչև հոկտեմբերի 3-ը։ Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի և ևս 32 երկրի տասնյակ ներկայացուցիչներ։ «Ժողովուրդ» թերթին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը հայտնել է, որ Մայր Աթոռը մասնակցության հրավեր ստացել է, և միջոցառմանը կմասնակցեն եկեղեցու ներկայացուցիչներ։

Նշենք, որ միջոցառման շրջանակում Փաշինյանը հոկտեմբերի 1-ին ընդունել էր Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին և ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի (USCIRF) նախագահ Ասիֆ Մահմուդին։

Ամստերդամը քննադատել է այդ հանդիպումները՝ հայտարարելով, որ, իր գնահատմամբ, «Աղոթքի նախաճաշերն» օգտագործվում են որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանին։

««Աղոթքի նախաճաշերը» ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին, որոնք ձևացնում են, թե պաշտպանում են կրոնական ազատությունը, մինչդեռ փորձում են ապօրինաբար եկեղեցին ենթարկել իրենց՝ այն վերածելով պետական հերթական կառույցի»,- հայտարարել է Ամստերդամը։

Ամստերդամը հակասություն է տեսել կրոնական ազատության հարցերով ամերիկացի ներկայացուցիչների՝ Փաշինյանի հետ հանդիպումների և Հայ առաքելական եկեղեցու շուրջ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների միջև։

Ամստերդամն իր հայտարարությունում հիշատակել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդումը և բարձրաստիճան հոգևորականների դատավարությունները։ Նա նաև քննադատել է կաթողիկոսին հեռացնելու և եկեղեցու առաջնորդությունը փոխելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները։

«Անհրաժեշտ է հավատքը վերադարձնել այս «Աղոթքի նախաճաշերին» և քրիստոնեության օրրանը պաշտպանել մի քաղաքական գործչից, որը պետության բոլոր օղակները գործիք է դարձնում՝ Հայաստանը դատարկված ու բնակչությունից զրկված երկրի վերածելու համար»,- հայտարարել է Ամստերդամը։

Կառավարության հաղորդագրությամբ՝ Ուայթ-Քեյնի հետ հանդիպմանը Փաշինյանը կարևորել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի հետ երկխոսությունը և նրա մասնակցությունը «Աղոթքի նախաճաշին»։ Ուայթ-Քեյնը, իր հերթին, հայտնել է, որ շահագրգռված են համագործակցել ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդների հետ։

Մահմուդի հետ հանդիպմանը Փաշինյանը նշել է, որ «Աղոթքի նախաճաշը» հնարավորություն է տալիս տարբեր երկրների և կրոնական համայնքների ներկայացուցիչներին համախմբել խաղաղության, մարդկային արժանապատվության և հանրային ծառայության գաղափարների շուրջ։ 

«Աղոթքի նախաճաշն» առաջին անգամ Հայաստանում տեղի էր ունեցել 2025-ի նոյեմբերին։ Միջոցառման մասնակիցները կոչ էին արել ՀՀ իշխանություններին ազատ արձակել այդ ժամանակ ձերբակալված հոգևորականներին։ Այս տարի միջոցառումն անցկացվում է նաև Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդման, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցուն առնչվող հրապարակված զեկույցի ֆոնին, որը ներառում է կաթողիկոսի հեռացում, տեղապահի ընտրություն, եկեղեցու միասնական կանոնադրության ընդունում և նոր կաթողիկոսի ընտրություն։

Կարձագանքե՞ն արդյոք այս տարվա «Աղոթքի նախաճաշի» մասնակիցները եկեղեցու շուրջ այս զարգացումներին, առայժմ հայտնի չէ։

Կարդացեք նաև՝ 

Փաշինյանը եկեղեցուն վերաբերող օրենսդրական փոփոխությունների կարիք է տեսնում

Leave a Comment