2026 թվականի ներդրումային ծրագրով նախատեսված է 27 բաշխիչ ենթակայանների հիմնանորոգում, վերակառուցում և ամբողջական տեխնիկական վերազինում։ Ենթակայանների մեծ մասում ակտիվորեն ընթանում են շինարարական աշխատանքներ։ Տեխնիկապես հնացած կամ մաշված էլեկտրատեխնիկական սարքավորումները, այդ թվում՝ ուժային տրանսֆորմատորները և բջիջները, փոխարինվում են ժամանակակից սարքավորումներով, հայտնում են ՀԷՑ-ից։
ՀԷՑ-ի մի շարք ենթակայաններում դեռևս շահագործվում են խորհրդային տարիների արտադրության սարքավորումներ։ Դրանց փուլային փոխարինումը ժամանակակից սարքավորումներով անհրաժեշտ է ենթակայանների տեխնիկական վիճակի բարելավման, վթարային անջատումների ռիսկերի նվազեցման, ինչպես նաև էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացման համար։
Վերակառուցվող ենթակայանների մեծ մասը, որոնք ապահովում են տասնյակ հազարավոր բաժանորդների էլեկտրամատակարարումը, գտնվում է Երևանում, իսկ մի քանիսը՝ հարակից մարզերում։ Այս ներդրումային ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքները կարևոր նշանակություն ունեն մայրաքաղաքի և հարակից բնակավայրերի էլեկտրական բաշխիչ ցանցի թողունակության ընդլայնման և էլեկտրամատակարարման որակի բարելավման համար։
Իրականացվող աշխատանքները կնպաստեն վթարային անջատումների քանակի և տևողության նվազեցմանը, վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակի կրճատմանը, լարման տատանումների նվազեցմանը և էլեկտրամատակարարման որակի բարելավմանը։
Ծրագրի նպատակն է զարգացնել և ընդլայնել բաշխիչ ցանցի տեխնիկական հնարավորությունները՝ հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սպառման աճը և ակտիվ կառուցապատման հետևանքով առաջացող լրացուցիչ բեռնվածությունը։
Ծրագրի իրականացման համար ՀԷՑ-ի բյուջեից հատկացվել է ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամ։
Ենթակայանների տեխնիկական վերազինումը հնարավորություն կտա ստեղծել ավելի հուսալի և անվտանգ էներգետիկ ենթակառուցվածք՝ ապահովելով բաժանորդների որակյալ էլեկտրամատակարարումը և ընդլայնելով ցանցի զարգացման հնարավորությունները։