Քննչական կոմիտեն (ՔԿ) ավարտել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ևս ութ մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում և այն անհիմն է համարում, Հանրային հեռուստատեսությանը հայտնել է նրա պաշտպան Սմբատ Մինասյանը։
Նշվում է, որ Ծառուկյանի և ևս ութ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել առանձնապես խոշոր չափերի խարդախության, շորթման, փողերի լվացման և դրանց կազմակերպման կամ օժանդակության համար։
ՔԿ-ի վարկածով՝ վարույթի դրվագներից մեկով Ծառուկյանի ղեկավարմամբ և կազմակերպմամբ կատարվել են առանձնապես խոշոր չափերի խարդախություն և փողերի լվացում։ Քննությունը պնդում է, որ Ծառուկյանը Սեդրակ Առուստամյանի, Ռոմա Կարապետյանի, Համլետ Թումանյանի, Սինա Միարի, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Դալաքյանի, Փաստաբանների պալատի անդամ Գևորգ Խաչատրյանի և Իրանի երկու քաղաքացիների օժանդակությամբ հափշտակել է Իրանի քաղաքացիներին պատկանող գույք։
Ըստ քննության՝ Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրումների կապ ստեղծելու և երկու երկրների միջև առևտուրը զարգացնելու պատրվակով խաբեությամբ և վստահությունը չարաշահելով հափշտակվել են գույք, տրանսպորտային միջոցներ, վառելանյութ, շինարարական և պարենային ապրանքներ։
ՔԿ-ն դրանց ընդհանուր արժեքը գնահատել է ավելի քան 8 մլրդ դրամին համարժեք $21 մլն։ Քննության վարկածով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու դրանից ստացված եկամուտները միախառնվել են օրինական եկամուտներին՝ դրանց ծագումը թաքցնելու նպատակով։
Մեկ այլ դրվագով Ծառուկյանը և վառելիքի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող Ռոմա Կարապետյանը մեղադրվում են Իրանի քաղաքացուն պատկանող $934 419-ին համարժեք շուրջ 361 մլն դրամի վառելանյութը խաբեությամբ հափշտակելու մեջ։
Ըստ ՔԿ-ի՝ Իրանի քաղաքացուն ներգրավել են Իրան-Հայաստան վառելիքի ներմուծման գործարքում, ապա մոլորության մեջ գցելով հափշտակել նրան պատկանող վառելանյութը։ Քննությունը պնդում է, որ հետագայում դրա հանցավոր ծագումը թաքցնելու միջոցով կատարվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։
Վարույթի մեկ այլ դրվագը վերաբերում է 2008-2010 թվականներին լիբանանահայ գործարարի հետ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի հարաբերություններին։
Քննության վարկածով՝ Ծառուկյանը գործարարին առաջարկել է Հայաստանում համատեղ բիզնես սկսել՝ բացել ոսկյա զարդերի խանութ, արտերկրից զարդեր ներմուծել և վաճառել։ Նրանք նաև պայմանավորվել են խմելու ջրի արտադրություն հիմնելու և արտադրանքն արտահանելու շուրջ։
Մեղադրյալներից ութի, այդ թվում՝ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։
ՔԿ-ի տվյալներով՝ նախաքննության ընթացքում իրականացվել է շուրջ 70 խուզարկություն, ավելի քան 100 զննություն և շուրջ 40 հարկային ու մաքսային ստուգում։ Հարցաքննվել են վարույթին առնչվող հարյուրավոր անձինք, հայտնաբերվել է 54 տրանսպորտային միջոց և հատուկ տեխնիկա, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց։
ռուկյանին պատկանող գույքի հնարավոր բռնագանձման մասին։ Քրեական հետապնդման ֆոնին՝ պետությանն էր անցել «Արարատցեմենտ» գործարանը, իսկ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում նշանակվել էր պետական կառավարիչ։
Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» համալիրը հուլիսի 16-ին անցել էր Երևանի քաղաքապետարանի սեփականությանը, իսկ հուլիսի 31-ին վերաբացվել «Երևան Ուելնես Սենթր» անվամբ։
