«Ի՞նչ իմաստ ունի նախապես հերթագրվելը, եթե պայմանավորված ժամին քաղաքացին չի սպասարկվելու». Կարեն Հեքիմյան

«Ի՞նչ իմաստ ունի նախապես հերթագրվելը, եթե պայմանավորված ժամին քաղաքացին չի սպասարկվելու». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպե՞ս Անձնագրայինն իմ կյանքից մեկ ժամ խլեց:
Անձնագրայինում գործարք ունեի: Շուրջ մեկ ամիս առաջ հերթագրվեցի Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում: Այսօր պայմանավորված ժամին այցելեցի Անձնագրայինի Շենգավիթի բաժին: Սպասում էի: Հետևում էի Շենգավիթի Անձնագրայինում ընթացող «իրադարձություններին»:
Մի կին բարձրաձայն դժգոհում էր իր նկատմամբ աշխատակիցների վերաբերմունքից: Աշխատակիցներն էլ բանուգործը թողած, բոլորով միասին և միաձայն պատասխանում էին կնոջը: Ի վերջո վերջինս գնաց, սակայն աշխատակիցները շարունակեցին բարձրաձայն քննարկել կնոջ հոնքերի լցվածության ձևն ու աստիճանը:
Թեպետ նախապես պայմանավորվածության ժամն արդեն անցել էր, սակայն հերթս չէր հասել: Դե, հոնքերի վերաբերյալ քննարկումն ավելի կարևոր էր: Մոտեցա առերևույթ իրեն որպես ղեկավար դրսևորող աշխատակիցներից մեկին: Մտահոգություն հայտնեցի: Ասացի՝ ի՞նչ իմաստ ունի նախապես հերթագրվելը, եթե պայմանավորված ժամին քաղաքացին չի սպասարկվելու: Առերևույթ իրեն որպես ղեկավար դրսևորող աշխատակիցն ասաց. «Սա է, երբ կանչենք այն ժամանակ էլ կգաք: Այսպես է և վերջ»: Այդ պահին պատուհաններից մեկի մոտ ռուսներ մոտեցան: Նրանցից մեկն աշխատակցին հարցրեց, թե արդյոք կարելի է փոխել սպասարկման համար նախապես ամրագրված ու հերթագրման կտրոնում արտացոլված ժամը և սպասարկվել հենց այս պահին: Ի զարմանս ինձ, աշխատակիցը դրական պատասխանեց և սկսեց սպասարկել ռուս տղամարդուն: Մի պահ տխրեցի: Ափսոսացի, որ ռուս չեմ, հետևաբար՝ զրկված եմ արտահերթ սպասարկվելու հնարավորությունից:
Պայմանավորված ժամից արդեն անցել էր շուրջ 20 րոպե: Ինձ չէին կանչում: Զանգահարեցի ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ 112: Նկարագրեցի իրավիճակը: Խոստացան լուծում գտնել:
Պայմանավորված ժամից անցել էր 27 րոպե: Ինձ կանչեցին: Հարցրեցի աշխատակցի անունը: Չցանկացավ ներկայանալ: Պնդեցի: Ասաց, որ Անին է: Ի դեպ, Շենգավիթի Անձնագրայինում որևէ մեկն անվանաքարտ (բեյջ) չուներ, հետևաբար վստահ չեմ, որ աշխատակցի անունն Անի էր: Ազգանվան մասին չեմ խոսում: Հազիվ անունն ասեց: Անին, ամենայն հավանականությամբ, ծամոն էր ծամում կամ ինչ-որ բան ուտում: Ամեն դեպքում, տհաճ էր այդօրինակ ձևաչափով սպասարկվելը: Անիին առաջարկեցի ֆիքսել, որ սպասարկվում եմ նախապես ամրագրված ժամից 27 րոպե անց: Ի պատասխան Անին զարմացավ, ասաց, որ նոր է եկել: Նա ավելացրեց, որ որևէ արտառոց բան չկա, իսկ 27 րոպեն ոչինչ է՝ «ինչ է եղել, որ»: Սպասարկվեցի: Շենգավիթի Անձնագրայինից դուրս գալուց հաշվեցի, որ վերջինս իմ կյանքից անիմաստ մեկ ժամ խլեց՝ գնալ, գալ, սպասել: ՀՀ ներքին գործերի նախարարությունից օպերատիվ արձագանք չեղավ: Չի էլ լինի, քանզի Շենգավիթի Անձնագրայինի պետը Նիկոլ Փաշինյանի ազգականն է:
Նկարում՝ Շենգավիթի Անձնագրայինի մուտքն է, որի հետիոտնային հատվածը վաղուց դարձել է պաշտոնյաների ավտոկայանատեղի»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment