Շաքիում վիրավորված կնոջ երկու երեխաները ևս վնասվածքներ են ստացել – armeniatoday.am

Շաքիում Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևի հարձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած կնոջ երկու երեխաները ևս մարմնական վնասվածքներով դիմել են բուժօգնության, Armenia Today-ին հայտնել են Դատախազությունից։ 2011 թվականին ծնված երեխայի մոտ ախտորոշվել է աջ դաստակի կոտրվածք, իսկ 2014 թվականին ծնված երեխայի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։

Գերատեսչության տվյալներով՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի Սյունիքի բաժանմունքում քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրենց տուն մարդ է մտել և զենքով կրակել մոր ոտքին։ Ահազանգը փոխանցվել է Ոստիկանության Սիսիանի բաժին։

Դեպքի վայրում պարզվել է, որ ժամը 14:00-ի սահմաններում Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն։

Դրանից հետո Մուսաևը փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նրան հայտնաբերել են Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի մեկ այլ հասցեում։ Ժամը 15:30-ին Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել և ներկայացվել է նախաքննության մարմին։

Վիրավորված կնոջը տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն, ապա՝ Երևան։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրազենի ապօրինի շրջանառության, և 207-րդ հոդվածի 1-ին մասով՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հատկանիշներով։

Նշված հոդվածներով առավելագույն պատիժները համապատասխանաբար 10, 5 և 2 տարվա ազատազրկում են։

Զինված ադրբեջանցու ներթափանցման մասին սկզբում հայտնել էին ԶԼՄ-ները, որից հետո տեղեկությունը հաստատել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին ԱԱԾ-ին տեղեկացրել էր սեպտեմբերի 29-ին։ Զինծառայողը հոկտեմբերի 1-ին Շաքիում կրակել էր ՀՀ քաղաքացու ոտքին և ձերբակալվել։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Շաքիի բնակիչներից մեկը Armenia Today-ին պատմել էր, որ ավտոմատով զինված ադրբեջանցին մտել էր բնակելի տուն և կրակել տեղի բնակչուհու վրա նրա երեք երեխաների ներկայությամբ։

Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Հայաստանում ձերբակալված ժամկետային զինծառայող Նասիմի Մուսաևը որոնվում էր սեպտեմբերի 26-ից։

Leave a Comment