Գազի վճարը չվճարելու դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը, այսինքն՝ անջատել գազը, սակայն միայն որոշակի ընթացակարգով և ոչ բոլոր դեպքերում։ Կանոնները սահմանում են մի քանի իրավիճակ, երբ դադարեցումն արգելվում է, ինչպես նաև պարտադիր ծանուցման ժամկետ՝ առնվազն երեք օր։ Իսկ ձմեռային ժամանակահատվածում՝ նոյեմբերի 1-ից մարտի 15-ը, բնակիչների գազամատակարարումն ընդհանրապես չի կարող դադարեցվել պլանային աշխատանքների պատճառով։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումները սահմանված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի N 95-Ն որոշմամբ հաստատված՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով, որոնց գործող խմբագրությունը կիրառվում է 2026 թվականի հունիսի 11-ից։
Ե՞րբ է մատակարարն իրավունք ունենում դադարեցնել գազամատակարարումը
Կանոնների 138-րդ կետով մատակարարն իրավունք ունի դադարեցնել կամ սահմանափակել բաժանորդի գազամատակարարումը, մասնավորապես, մատակարարված գազի արժեքը, իսկ բնակիչ-բաժանորդների և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների դեպքում՝ նաև գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության արժեքը չվճարելու դեպքում։
Վճարման ժամկետը, 118-րդ կետով, յոթ օր է՝ հաշվարկային փաստաթուղթը ներկայացնելուց կամ դրա մասին տեղեկացված լինելուց հետո։
Քանի՞ օր առաջ պետք է ծանուցեն
139-րդ կետով չվճարելու հիմքով մատակարարն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը առնվազն երեք օր առաջ ծանուցելով՝ հեռուստատեսությամբ և պաշտոնական կայքով կամ կանոններով նախատեսված պատշաճ ծանուցման այլ եղանակով։
Հեռուստատեսությամբ ծանուցումը կատարվում է հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերությամբ՝ առնվազն երկուական անգամ, ժամը 18:00-20:00 և 20:00-23:00 ընկած ժամանակահատվածներում։
Ո՞ր դեպքերում չեն կարող դադարեցնել
Կանոնները սահմանում են մի քանի հստակ իրավիճակ։
Առաջին՝ պարտքի մարման ժամանակացույց։ 120-րդ կետով, եթե բաժանորդը ներկայացրել է մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց, մատակարարը չպետք է դադարեցնիգազամատակարարումը։ Եթե բաժանորդն այդ ժամանակացույցը չի պահպանում, դադարեցումը հնարավոր է միայն 139-րդ կետով նախազգուշացնելուց հետո։
Երկրորդ՝ հաշվարկի վերաբերյալ վեճ։ 124-րդ կետով հաշվարկային փաստաթղթի շուրջ տարաձայնության դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի գազամատակարարումը, եթե բաժանորդը վճարել է գազի չվիճարկվող մասի արժեքը։ Վիճարկվող մասը բաժանորդը պետք է հիմնավորի գրավոր։
Երրորդ՝ վերահաշվարկի շուրջ վեճ։ 130-րդ կետով, եթե հաշվառքի սարքի խախտման հետևանքով կատարված վերահաշվարկի շուրջ տարաձայնություն կա, և բաժանորդը վճարել է չվիճարկվող մասը, մատակարարն իրավունք չունի դադարեցնել գազամատակարարումը մինչև վեճի լուծումը։
Չորրորդ՝ տույժի շուրջ վեճ։ 135-րդ կետով, եթե հաշվառքի սարքի խախտումն արտաքին միջամտության հետևանք է և դա վերջին երկու տարում առաջին դեպքն է, մատակարարն իրավունք չունի տույժի չվճարման համար դադարեցնել գազամատակարարումը մինչև վեճի վերջնական լուծումը։
Հինգերորդ՝ արձանագրություն չկազմելը։ 137-րդ կետով, եթե հաշվառքի սարքի ապահավաքակցման արձանագրությունը չի կազմվել, և բաժանորդը չի համաձայնել վերահաշվարկված գումարին, մատակարարը վեճը լուծում է դատական կարգով՝ չդադարեցնելովգազամատակարարումը։
Ի՞նչ է գործում ձմռանը
159-րդ կետով նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է դադարեցվի գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու պատճառով։
Նույն կետով մեկ օրացուցային տարվա ընթացքում դադարեցումների թիվը չպետք է գերազանցի չորս անգամը, իսկ յուրաքանչյուր դադարեցման առավելագույն տևողությունը՝ 36 ժամը, բացառությամբ ֆորս մաժորի, հաշվառքի սարքերի ապահավաքակցման, այլ անձի գործողությամբ վնասված ցանցի և նոր բաժանորդների միացման դեպքերի։
Պլանային աշխատանքների մասին տեղեկատվությունը, 157-րդ կետով, հրապարակվում է մատակարարի պաշտոնական կայքում առնվազն յոթ օր առաջ, իսկ հեռուստատեսությամբ՝ երկու օր առաջ։
Որքա՞ն ժամանակում պետք է վերականգնեն գազամատակարարումը վճարելուց հետո
149-րդ կետով չվճարելու հիմքով դադարեցված գազամատակարարումը վերականգնվում է ոչ ուշ, քան՝
- նույն օրը՝ մինչև ժամը 18:00-ն, եթե վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացվել է աշխատանքային օրը մինչև ժամը 14:00-ն,
- հաջորդ օրը՝ մինչև ժամը 13:00-ն, եթե այն ներկայացվել է ժամը 14:00-ից հետո,
- 24 ժամվա ընթացքում, եթե փաստաթուղթը ներկայացվել է ոչ աշխատանքային օրերին։
Նույն ժամկետները գործում են նաև այն դեպքում, երբ մատակարարն այլ աղբյուրներից հավաստի տեղեկություն է ստացել վճարման մասին։
Ի՞նչ է լինում, եթե ինքնակամ վերականգնեք գազամատակարարումը
144-րդ կետով դադարեցված գազամատակարարումը բաժանորդի կողմից ինքնակամ վերականգնելու դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը եռակցման միջոցով։
Այդ դեպքում, 154.1-ին կետով, վերականգնման ծախսը փոխհատուցում է բաժանորդը, իսկ վերականգնումը կատարվում է դիմումից հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրում՝ պայմանով, որ գազասպառման համակարգը համապատասխանեցված է տեխնիկական և նորմատիվ իրավական ակտերի պահանջներին։
Կարո՞ղ են դադարեցնել գազամատակարարումը, եթե մուտք չեք ապահովում
Այո։ 91-րդ կետով հաշվառքի սարքի հետ կապված գործողությունների համար մատակարարը բաժանորդին պատշաճ տեղեկացնում է առնվազն 24 ժամ առաջ, իսկ մուտքի կրկնակի անհիմն մերժման դեպքում իրավունք ունի նախապես տեղեկացնելով դադարեցնել գազամատակարարումը։ Վերականգնումը, 153-րդ կետով, կատարվում է, երբ բաժանորդը մուտքի իրավունք է տրամադրում։
Նույն տրամաբանությամբ 145-րդ կետի 4.1-ին ենթակետով տեխնիկական սպասարկման ծառայության համար մուտք չապահովելը ևս հիմք է դադարեցման, իսկ 155.1-ին կետով վերականգնումը կատարվում է անմիջապես՝ մուտքն ապահովելուց հետո։
Որքա՞ն կարող է տևել դադարեցումը հաշվառքի սարքը փոխարինելիս
109-րդ կետով հաշվառքի սարքը փոխարինելիս մատակարարն իրավունք ունի դադարեցնել կենցաղային սպառում ունեցող բաժանորդների գազամատակարարումը ոչ ավելի, քան երկու ժամ, իսկ ոչ կենցաղային սպառում ունեցողի դեպքում՝ ոչ ավելի, քան վեց ժամ։
Ի՞նչ տույժ է վճարում մատակարարը, եթե խախտի կանոնները
171-րդ կետով մատակարարը բաժանորդին տույժ է վճարում, մասնավորապես, գազամատակարարման դադարեցման և վերականգնման ընթացակարգերի կամ ժամկետների յուրաքանչյուր խախտման համար, ինչպես նաև ծանուցումների կարգի խախտման, հաշվարկային փաստաթղթում փաստացի սպառածից ավելի քանակ նշելու և դիմումին պատասխանելու ժամկետը խախտելու համար։
172-րդ կետով տույժի չափը բաժանորդի դեպքում կազմում է սպառված գազի միջին ամսական արժեքի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը, իսկ սպառում չունենալու դեպքում՝ 2500 դրամ։ Տույժը, 173-րդ կետով, առանձին տողով նվազեցվում է ընթացիկ ամսվա վճարման փաստաթղթից։
Ո՞ւր դիմել վեճի դեպքում
29-րդ կետով վեճը բանակցություններով չկարգավորվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ իրավասու դատարան։
Դիմումներին պատասխանելու ժամկետը, 169-րդ կետով, 10 աշխատանքային օր է, իսկ բանավոր հարցմանը պատասխանը տրվում է անմիջապես կամ հնարավորինս սեղմ ժամկետում։
Ամփոփում
Ամփոփելով՝ գազի պարտքի համար գազամատակարարումը դադարեցնելուց առաջ մատակարարը պարտավոր է ծանուցել առնվազն երեք օր առաջ, դադարեցնել չի կարող, եթե կազմվել է պարտքի մարման ժամանակացույց կամ ներկայացվել են վճարման երաշխիքներ, ինչպես նաև հաշվարկի, վերահաշվարկի և տույժի շուրջ վեճերի դեպքում, եթե վճարվել է չվիճարկվող մասը, նոյեմբերի 1-ից մարտի 15-ը բնակիչների գազամատակարարումը պլանային աշխատանքների պատճառով չի դադարեցվում, վճարելուց հետո այն վերականգնվում է նույն օրը մինչև ժամը 18:00-ն, եթե փաստաթուղթը ներկայացվել է մինչև 14:00-ն, իսկ կանոնները խախտելու դեպքում մատակարարը բաժանորդին վճարում է տույժ՝ մինչև 2500 դրամ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Հոսանքի անջատման կանոնների մասին կարդացեք այս նյութում։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։