Փարիզում նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 30-ին Փարիզի «Գրանդ Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում կայացել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված ընդունելություն։

Միջոցառմանը ներկա են գտնվել Ֆրանսիայի պետական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի և արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ, Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը, սենատորներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ռեգիոնալ և քաղաքային մարմինների ղեկավարներ, Ֆրանսիայում հավատարմագրված մի քանի տասնյակ օտարերկրյա դեսպաններ, մշակույթի և գործարար աշխարհի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի և Հայաստանի բարեկամների լայն շրջանակ։

Ընդունելությունը մեկնարկել է Ֆրանսիայի Հանրապետական գվարդիայի երգչախմբի կողմից Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերի կատարմամբ: Ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը և Ֆրանսիայի Ֆրանկոֆոնիայի, միջազգային գործընկերության և արտերկրում Ֆրանսիայի քաղաքացիների հարցերով լիազոր նախարար Էլեոնոր Կարուան:

Իր խոսքում դեսպան Արման Խաչատրյանն ընդգծել է անկախության 35-ամյակի առանձնահատուկ նշանակությունը՝ ոչ միայն որպես անցած ճանապարհն ամփոփելու, այլև ապագային միտված հայացք ուղղելու կարևոր առիթ։

Դեսպան Խաչատրյանը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ ներկայացնելով հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության առանձնահատկությունները և դրա կարևորությունը Հայաստանի անվտանգության և շարունակական զարգացման համար:

Դեսպան Արման Խաչատրյանն առանձնահատուկ ընդգծել է Հայաստանի և Ֆրանսիայի սերտ համագործակցությունը՝ խարսխված երկու ժողովուրդների բարեկամության պատմական արմատների և տարբեր ոլորտներում միջպետական հարաբերությունները շարունակաբար խորացնելու երկուստեք հանձնառության վրա:

Հիշատակել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ 2026 թվականի մայիսի 4-5-ը Հայաստան կատարած պետական այցը, որի շրջանակում ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիրը։

Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման և պատմական տարբեր ժամանակահատվածներում միմյանց աջակցելու փոխադարձ պատրաստակամության համատեքստում դեսպանն ընդգծել է հայ համայնքի դերակատարման կարևորությունը։

Դեսպանն անդրադարձ է կատարել տարածաշրջանային իրավիճակին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղությանն ու տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ընդունված սահմանների անքակտելիության փոխադարձ ճանաչման հիման վրա։

Առանձնանշվել է նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության հետագա խորացման կարևորությունը՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։

Անդրադառնալով Հայաստանի միջազգային դերակատարությանը՝ դեսպանը նշել է, որ 2026 թվականի մայիսին Հայաստանը հաջողությամբ հյուրընկալել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, իսկ առաջիկայում՝ նաև կենսաբազմազանության COP17 համաժողովը։ 2027 թվականին Հայաստանում կանցկացվեն նաև Ֆրանկոֆոնիայի խաղերը։

Միջոցառման պաշտոնական հատվածը եզրափակվել է Հանրապետական գվարդիայի երգչախմբի կողմից Շառլ Ազնավուրի երգերի կատարմամբ: Երեկոյի ընթացքում «Արև» քառյակի կատարմամբ հնչել են նաև Կոմիտասի և այլ անվանի երգահանների ստեղծագործություններ:

Leave a Comment