Լաչինի ուղղությամբ զինծառայողի անհետացման փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Որոշ սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկատվություն Ադրբեջանի Լաչինի շրջանի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պարտադիր զինվորական ծառայություն անցնող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևի անհետացման մասին։
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 26-ին Նասիմի Մուսաևի ծառայության վայրում բացակայության և նրա գտնվելու վայրը պարզելու անհնարինության պատճառով սկսվել են նրա որոնումները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ուժերի կողմից իրականացվել են անհրաժեշտ որոնողական աշխատանքներ։
Բացի այդ, տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով Ռազմական դատախազությունում համապատասխան քննություն է իրականացվել։ Քննության ընթացքում հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ Նասիմի Մուսաևը ինքնակամ լքել է զորամասը։
Քննության ընթացքում հավաքված նյութերի հիման վրա Ադրբեջանի ռազմական դատախազության քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Ներկայում գործով շարունակվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունները։
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նասիմի Մուսաևը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և ձերբակալվել է այդ երկրի համապատասխան մարմինների կողմից։
Ներկայում Ադրբեջանի համապատասխան պետական մարմինները շարունակում են անհրաժեշտ շփումները հակառակ կողմի իրավասու մարմինների հետ՝ Հայաստանի տարածքում Նասիմի Մուսաևի գտնվելու և ձերբակալվելու հանգամանքները, ինչպես նաև տեղի ունեցածի այլ մանրամասներ պարզելու նպատակով»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ քրեական գործի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի՝ օրենսդրության պահանջներին համապատասխան։