Հեռուստաեթերն ու համացանցը ողողված են սիթքոմներով։ Դրանք բարձր դիտելիություն են ապահովում և վաղուց դարձել են դեռահասների առօրյայի անբաժան մասը։ Սակայն արհեստական ծիծաղի, հումորի և վառ կադրերի քողի տակ հաճախ մատուցվում են բուլինգի, ընտանեկան արժեքները մերժելու և ագրեսիայի վտանգավոր մոդելներ։ Ինչպե՞ս է էկրանային ծաղրը տեղափոխվում դպրոց, ի՞նչ են ստանում դրանից դեռահասները:
Սիթքոմը համեմատաբար երիտասարդ ժանր է, որը էկրան ներխուժեց նույնքան արագ, որքան մելոդրամաները։ Մասնագետներն ասում են, որ թեթև ժամանցային ձևաչափը խոր հոգեբանական և սոցիալական ազդեցություն է թողնում հասարակության, հատկապես դեռահասների վրա: Անչափահասները մեդիաակտիվության ամենաբարձր մակարդակն ունեցող խումբն են և հեշտությամբ են կլանում և վերարտադրում էկրանից տեսածը:
«Ռադիոլուր»-ի հետ զրույցում մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանը մանրամասնում է, թե ինչ արժեհամակարգ և վարքային մոդելներ են քարոզում սիթքոմները․
«Եվ դժվար չէ նկատել, որ բոլոր սիթքոմներում առկա են ծաղր, բուլինգ, գազլայթինգ, և դրանք համարվում են նորմալ, դրանք համարվում են նորաձև, դրանք համարվում են զվարճալի։ Իսկ երեխաները ունեն վարքային կրկնօրինակման մոդելների ենթարկվելու անհավանական հակում․ նրանք շատ շուտ են յուրացնում նմանօրինակ ինֆորմացիան»։
Նման վարքագծեր յուրացնելու պատճառով խնդիրներ են առաջանում նաև դպրոցում, երբ երեխան կրկնօրինակում և իր ընկերական շրջապատում կիրառում է այդ ամենը։ Այդպիսով տեղի են ունենում բախումներ։ Այն երեխաները, որոնք չունեն համարձակություն կամ պաշտպանվելու համապատասխան միջոցներ, հայտնվում են բուլինգի շղթայում, ինչին ուղեկցում է ինքնագնահատակի անկումը։
Բայց այս ամենի հետևում միայն բովանդակությունը չէ՝ ընդգծում է փորձագետը․ «Նույնիսկ կադրերն ու ընտրված երաժշտությունը, որոնք հստակ մեդիա ուղերձներ են փոխանցում, լեցուն են բուլինգ պարունակող, ծաղրող, ընտանեկան արժեքները ոտնահարող և անհարգալից վերաբերմունք ձևավորող կոնտենտով։ Այս ամենը մատուցվում է շատ հեշտությամբ, և ամենախնդրահարույցն այն է, որ այս կոնտենտն ունի բավականին մեծ տարածում և հսկայական սպառում»:
Մասնագետը հատկանշական է համարում սիթքոմներում կիրառվող արհեստական ծիծաղի գործոնը, որն ունի ուժեղ հոգեբանական ներգործություն: Իրական կյանքում բնավ ոչ զվարճալի կամ նույնիսկ անընդունելի արարքը երբ էկրանին ուղեկցվում է վարակիչ ծիծաղով, հեռուստադիտողը (հատկապես անչափահասը) դա սկսում է ընկալվել որպես թույլատրելի կամ նորմալացված հումոր։ Սա ուղղակիորեն աղավաղում է երեխայի արժեհամակարգն ու վարքային ուղեցույցները․
«Օրինակ՝ ծաղրը ուսուցիչների նկատմամբ, ծաղրը ընտանիքի որևէ անդամի հանդեպ և որոշակի կերպարակերտումներ, որոնք շատ կարծրատիպացված են և «զսպանակի էֆեկտով» շարունակաբար կիրառվում են․ որ, օրինակ, լավ սովորողի կերպարը պիտի լինի պարտադիր ակնոցով, և տվյալ կերպարը պիտի ենթարկվի բուլինգի և այլն»։
Կան սիթքոմներ, որ սկսվում են բացասական նոտայով ու կռվով, իսկ ընթացքում հերոսները կարող են հաշտվել: Հոգեբանն այստեղ մի կարևոր հանգամանք է առանձնացնում.
«Մի՞շտ են երեխաները սիթքոմը դիտում մինչև վերջ: Հաճախ նրանց հիշողության մեջ տպավորվում է միայն սկզբի բռնության կամ ագրեսիայի դրվագը՝ որպես «նորմալ» վարքաձև, քանի որ նրանք կարող են պարզապես չհասնել սերիայի կամ եթերաշրջանի այն ավարտին, որտեղ, այո՛, հնարավոր է ցույց տրվի, որ դա իրականում սխալ էր»:
Մեկ այլ խնդիր ևս առանձնացնում է հոգեբանը․ այն երեխաները, որ չեն դիտում տվյալ սիթքոմները, հաճախ հայտնվում են հասակակիցների թիրախում։ Քանի որ նրանք ընդհանուր «հումորային դաշտում» չեն և չեն տիրապետում մեդիաժարգոնին ու սյուժեներին, դուրս են մնում տվյալ շրջանակից՝ դառնալով սոցիալական մեկուսացման կամ այլ տիպի ճնշումների զոհ․
«Վարակի պես այդ հաղորդումները, հոլովակները տարածվում են երեխաների շրջանում, իրենք գրեթե բոլորը սկսում են սպառել այն։ Եվ այն երեխաները, որոնք չեն դիտում, արդյունքում վերածվում են «գորշ մկնիկների», որովհետև լիքը հումորներ, բառային անդրադարձներ, բառակապակցություններ կամ արտահայտություններ ուղղակի չեն կարողանում հասկանալ ու ընկալել, որովհետև իրենք դուրս են այդ շրջանակից»։
Իսկ ի՞նչ են մտածում այս ամենի մասին իրենք դեռահասները: «Ռադիոլուր»-ը զրուցել է երեխաների հետ՝ հասկանալու, թե ինչպես են նրանք ընկալում սիթքոմների հումորն ու կերպարները․
– Ես նայել եմ «Ֆուլ Հաուսը», «Ազիզյանները», համարյա բոլորն էլ նայել եմ։ Ես ահավոր շատ եմ սիրում սիթքոմներ, շատ ծիծաղելու են։ Ես սիրում եմ սիթքոմներ նայել հաց ուտելու ժամանակ։
– Ես Կարգին հաղորդումը» այնքան շատ եմ նայել, որ սկսել եմ կրկնօրինակել։ Օրինակ՝ հենց մտնում եմ դասարան, բարևի փոխարեն Ադիկի նման ասում եմ՝ «պռիվետտ։
– Ինձ մոտ տպավորվել է, օրինակ, այն, որ այնտեղ մի աղջիկ կար. երբ իր պապան իրեն փող չէր տալիս, ինքը լացում էր ու ասում՝ «եթե փող չես տալիս, ուրեմն չես սիրում։
Մինչ երեխաները կրկնօրինակում են սիթքոմների հերոսների վարքը, մասնագետները հիշեցնում են իրավական դաշտի մասին։
«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը հստակ պահանջներ է սահմանում անչափահասների վրա բացասական ազդեցություն ունեցող բովանդակության սահմանափակման համար։ Սակայն, ըստ փորձագետների, միշտ չէ, որ հեռարձակողները հետևում են, որ բուլինգ ու ծաղր պարունակող տեսանյութերը չհայտնվեն անչափահասներին հասանելի տիրույթում։