Պետաշխատողների սոցիալական փաթեթը 2027-ից կդադարեցվի

ՀՀ-ում պետական համակարգի աշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը նախատեսվում է դադարեցնել 2027 թվականից։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ ծրագիրը դադարեցնելու համար անհրաժեշտ կլինեն օրենսդրական փոփոխություններ և որոշակի շտկումներ։

Նախարարը հիշեցրել է, որ սոցիալական փաթեթի ծրագիրն ընդունվել է 2012-2013 թվականներին՝ պետական համակարգում համեմատաբար ցածր վարձատրության փոխհատուցման նպատակով։

«Սոցփաթեթի շրջանակում մեր քաղաքացիները կարող էին որոշակի ծառայություններ գնել՝ առողջարանային, հանգստի, սպորտի, ուսման և այլն։ Հատկապես վերջին տարիներին, սակայն, այն քաղաքացիները, որոնք ունեին սոցիալական փաթեթ, տարատեսակ բարեփոխումների արդյունքում ունեցել են թե՛ աշխատավարձի բարձրացումներ, թե՛ առողջապահության ապահովագրության շնորհիվ ավելի մեծ հնարավորություն՝ ծածկելու իրենց առողջապահական ծախսերը։ Հիմա եկել է ժամանակը ավարտելու այդ ծառայության մատուցումը, քանի որ այն իր առջև դրված խնդիրը կատարել է»,- ասել է Թորոսյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ այն քաղաքացիները, որոնց բանկային հաշիվներում սոցիալական փաթեթի շրջանակում կուտակված գումարներ կան, կկարողանան դրանք օգտագործել՝ ՀՀ կառավարության կողմից հատուկ որոշում ընդունելուց հետո։

Թորոսյանի խոսքով՝ այս պահին քաղաքացիների հաշիվներում կուտակված է մոտ 13 մլրդ դրամ։ Այդ գումարները կօգտագործվեն կամ գործող, կամ կառավարության կողմից սահմանված այլ ուղղություններով։

Leave a Comment