Հայաստանը ՌԴ-ից գազի սակագնի թանկացման ազդակ չունի. ազդակ կլինի՝ կմտածենք. Փաշինյան

Հայաստանը Ռուսաստանից ներկրվող գազի սակագնի թանկացման ազդակ չի ստացել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահի դրությամբ որևէ ազդակ չունենք, հետևաբար հարցի քննարկումը պատեհ չեմ համարում: Երբ ազդակ կլինի՝դրա մասին կմտածենք: Մտածում ենք արդյոք, որ եթե նման իրավիճակ լինի՝ ինչպե՞ս ենք կառավարելու. այո՛, մտածում ենք, որովհետև դա նորություն չէ»,- ասաց նա:

Փաշինյանը միաժամանակ նկատեց՝ գործադիրն, ամեն դեպքում, մշտապես քննարկում է տարբեր իրավիճակների հետ առնչվող սցենարներ:

«Ես 2018 թվականից ամեն տարի այդ իրադրության հետ բախվում եմ, որովհետև անընդհատ այդ հարցերը հնչում են: Մենք տարբեր սցենարներ ենք քննարկում, բայց այս պահին այդպիսի ազդակ չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ռուսական կողմն ավելի վաղ հայտարարել էր՝ ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ կազմից։

Leave a Comment