Գերիներին ուղղված նամակներ կառավարությանը՝ հասցեատերերին փոխանցելու ակնկալիքով

Բաքվում պահվող հայ գերիներին ուղղված շուրջ 1300 նամակ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հանձնել են ՀՀ կառավարությանը՝ ակնկալելով գործադիրի աջակցությունը դրանք հասցեատերերին փոխանցելու հարցում։ Ուղիղ հեռարձակումն` Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Նամակների հավաքագրման նախաձեռնությունը մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ, իսկ գործընթացին միացել են նաև Հայաստանում և արտերկրում բնակվող մարդիկ։ 

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ նամակների հետ կառավարությանը նաև հանրագիր են հանձնել։ Փաստաթղթերի ընդունումը գրանցվել է, և նախաձեռնության մասնակիցները մեկամսյա ժամկետում սպասում են կառավարության գրավոր պատասխանին։ 

«Թե ինչքան պետք է չարչարվենք՝ չգիտեմ, բայց բոլորս պետք է չարչարվենք, որ նամակները տեղ հասնեն»,- ասել է Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ պետք է օգտագործել բոլոր հնարավոր մեխանիզմները Բաքվում պահվող հայերի հետ կապ հաստատելու, նրանց աջակցություն փոխանցելու և նրանցից տեղեկություններ ստանալու համար։ Բեգլարյանը նշել է, որ դեռ պարզ չէ՝ նամակները կհասնե՞ն հասցեատերերին, և եթե խոչընդոտներ առաջանան, դրանք որ կողմում կլինեն՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Ադրբեջանում։

«Ես կարծում եմ, որ հնարավորություն կա նամակները տեղ հասցնելու։ Այս ճանապարհով չլինի՝ այլ ճանապարհ կփորձենք»,- նշել է նա՝ նշելով, որ գործընթացում ներգրավված են նաև գերիների հարազատներն ու տարբեր նախաձեռնություններ։

Բեգլարյանը հավելել է, որ «Արցախ» միությունը պարբերաբար զեկույցներ և գրություններ է պատրաստում միջազգային կառույցների համար, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների հետ աջակցում է իրավական գործընթացներին։

«Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանը հայտնել է, որ նախաձեռնությունը կապված է Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի՝ Բաքվում պահվող հայերին աջակցելու նախաձեռնության հետ։ Նրա խոսքով՝ նամակները հասցեական են և ուղղված են Բաքվում պահվող՝ անուն-ազգանունով հայտնի հայերին։

Դիլբարյանի խոսքով՝ շուրջ 1300 նամակների զգալի մասը ստացվել է արտերկրից՝ ինչպես Սփյուռքի հայերից, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներից, որոնք առնչվել են Արցախին, ճանաչել են Վարդանյանին կամ հետաքրքրված են հայկական հարցերով։

Նա համոզմունք է հայտնել, որ նամակները Բաքու հասցնելու իրական հնարավորություն կա։ Միաժամանակ Դիլբարյանը կարևորել է հանրային ճնշումը՝ պնդելով, որ գերիների վերադարձի հարցում միայն «լռության» քաղաքականությունը բավարար չէ։

«Առանց ճնշման ոչ մի գերիի ոչ մի պետություն երբևէ չի վերադարձրել։ Բոլոր վերադարձերը ճնշման ներքո էին։ Ճնշումը պետք է լինի քաղաքական, հումանիտար, դիվանագիտական և իրավական»,- հայտարարել է նա։ Դիլբարյանը հանրային ճնշումն անվանել է «օրինական սահմանադրական միջոց» և նշել, որ քաղաքացիների հետևողական մասնակցությունը կարող է ավելի արդյունավետ դարձնել ինչպես Բաքվում պահվող հայերի իրավունքների պաշտպանության, այնպես էլ նրանց նամակները հասցնելու գործընթացը։

Բաքվում պաշտոնական տվյալներով 19 հայ գերի է պահվում։ Զոնաբենդը Բաքվում պահվող հայերին այցելելու հումանիտար նախաձեռնությանն աջակցելու համար հուլիսին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներին։ Մինչ օրս նրա այցի հնարավորության շուրջ հստակ պատասխաններ չկան։

Կարդացեք նաև՝

«Հետևեք ձեր օրենքներին»․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին

«Չենք հուսահատվելու»․ Բաբայանը հայտնել է վճռաբեկ բողոքի մասին

Leave a Comment