Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի ուղերձում տնտեսական կանխատեսումները ձևավորվել են բավական անկայուն արտաքին միջավայրի պայմաններում։
Ըստ ուղերձի՝ համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել, սակայն միջազգային առևտրի տեմպերը դանդաղում են, իսկ աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակում է ազդել հումքային շուկաների վրա։
Ուղերձում նշված է, որ ԱՄՀ-ի գնահատմամբ՝ 2027 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 3.2%-ով։ Հայաստանի հիմնական գործընկերների շարքում Եվրագոտու աճը կանխատեսվում է 1.4%, Ռուսաստանի՝ 1.1%, Չինաստանի՝ 4%, իսկ ԱՄՆ-ինը՝ 2%։ Ուղերձում հատկապես ընդգծվում է Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը․ կանխատեսվող տեմպը զգալիորեն ցածր է երկրի պատմական միջին ցուցանիշներից։
Միաժամանակ համաշխարհային առևտրի աճը ևս դանդաղում է։ Սա Հայաստանի համար կարևոր հանգամանք է, քանի որ արտաքին պահանջարկի թուլացումը կարող է ազդել արտահանման և տնտեսության արտաքին հատվածի վրա։
Նավթի թանկացումը՝ հիմնական ռիսկերից մեկը
Արտաքին շուկաներում առավել նկատելի փոփոխություններից մեկը նավթի թանկացումն է։ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման և էներգակիրների մատակարարման խափանումների պայմաններում 2026 թվականի առաջին ութ ամիսներին նավթի միջազգային գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով։
Հայաստանի համար նավթի թանկացումը կարող է նշանակել ներմուծման, փոխադրման և արտադրության ծախսերի աճ, ինչն իր հերթին կարող է լրացուցիչ գնաճային ճնշում ստեղծել։ Կառավարությունը որպես կարևոր ռիսկ առանձնացնում է նաև Հորմուզի նեղուցով նավթի փոխադրումների հնարավոր սահմանափակումները։
Պղնձի բարձր գները՝ Հայաստանի համար հնարավորություն
Եթե նավթի թանկացումը լրացուցիչ ճնշում է ստեղծում տնտեսության վրա, ապա պղնձի գների աճը Հայաստանի համար կարող է ունենալ հակառակ ազդեցություն։ 2026 թվականի հունվար-օգոստոսին պղնձի միջազգային գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 40%-ով՝ հասնելով միջինը 13,300 դոլարի մեկ տոննայի դիմաց։
Քանի որ պղինձը Հայաստանի արտահանման կարևոր ապրանքներից է, բարձր գները կարող են նպաստել արտահանման եկամուտների, հանքարդյունաբերության ակտիվության և, համապատասխանաբար, հարկային մուտքերի ավելացմանը։ Միաժամանակ Հայաստանի տնտեսության համար սա նաև կախվածություն է ստեղծում համաշխարհային հումքային շուկաների հետագա զարգացումներից։
Դոլարի թուլացումը՝ ևս մեկ կարևոր գործոն
Ուղերձում արձանագրվում է նաև ԱՄՆ դոլարի դիրքի թուլացման շարունակվող միտումը։ Դրան զուգահեռ զարգացող երկրների մի շարք արժույթներ ամրապնդվել են դոլարի նկատմամբ, իսկ Հայաստանի համադրելի երկրների ռիսկի հավելավճարները նվազել են։
Այս զարգացումները կարող են որոշ չափով բարելավել արտաքին ֆինանսավորման պայմանները, սակայն փոխարժեքների փոփոխությունը միաժամանակ տարբեր ազդեցություններ է ունենում ներմուծողների, արտահանողների և արտաքին պարտավորություններ ունեցող տնտեսավարողների վրա։
Հայաստանի տնտեսության համար՝ 5.8% աճի կանխատեսում
Այս արտաքին միջավայրի պայմաններում կառավարությունը 2026 թվականի համար կանխատեսում է 5.6% տնտեսական աճ, իսկ 2027 թվականի համար՝ 5.8%։ 2028 և 2029 թվականների համար կանխատեսվում է համապատասխանաբար 6.1% և 5.9% աճ։
2027 թվականի աճի հիմնական շարժիչը, ըստ բյուջեի ուղերձի, լինելու է ծառայությունների ոլորտը։ Աճին կնպաստեն նաև արդյունաբերությունն ու շինարարությունը։ Կառավարությունն ակնկալում է տնտեսական ակտիվության վրա դրական ազդեցություն նաև պետական կապիտալ ծախսերի, Ամուլսարի շահագործման և կառուցվածքային բարեփոխումների հաշվին։
Ակնկալվում է նաև ներքին սպառման և ներդրումների շարունակական աճ։ Գյուղատնտեսության դեպքում կանխատեսումն ավելի դրական է․ 2026 թվականի անկումից հետո 2027 թվականին ոլորտը, ըստ կանխատեսումների, կվերադառնա աճի։
Ա.Գալոյան
