Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից մշակված՝ ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից բարձրացնել կենսաթոշակների և սոցիալական նպաստների մի շարք տեսակների չափերը։
Նախագծի համաձայն՝ փոփոխությունների ֆինանսավորման մի մասը նախատեսվում է ապահովել թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում խնայվող միջոցների հաշվին։
Նվազագույն կենսաթոշակը կդառնա 47 հազար դրամ
Առաջարկվում է նվազագույն կենսաթոշակի չափը 46 հազար դրամից բարձրացնել 47 հազար դրամի։
Միաժամանակ աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման համար հիմնական կենսաթոշակի չափը նախատեսվում է 34 հազարից դարձնել 34 հազար 500 դրամ։
Զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը ևս կավելանա՝ 2 հազար դրամից հասնելով 2 հազար 50 դրամի։
Կբարձրանան զինվորական կենսաթոշակների չափերը
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակների համար առաջարկվում են հետևյալ չափերը․
- ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար՝ 66 հազար դրամ՝ գործող 64 հազար 600 դրամի փոխարեն,
- ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար՝ 56 հազար 200 դրամ՝ 54 հազար 800 դրամի փոխարեն,
- ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար՝ 49 հազար 400 դրամ՝ 48 հազար դրամի փոխարեն։
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում մահացած կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը նույնպես կավելանա՝ 48 հազարից հասնելով 49 հազար 400 դրամի։
Միաժամանակ նախատեսվում է բարձրացնել նաև սպայական և ենթասպայական կազմի զինվորական կենսաթոշակները՝ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքի ավելացման միջոցով։
Սոցիալական նպաստների չափերը նույնպես կավելանան
Նախագծով առաջարկվում է 46 հազար դրամից 47 հազար դրամ դարձնել ծերության նպաստի չափը։
Հաշմանդամության նպաստների համար նախատեսվում են հետևյալ չափերը․
- ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար՝ 50 հազար դրամ՝ 49 հազար դրամի փոխարեն,
- ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար՝ 48 հազար 500 դրամ՝ 47 հազար 500 դրամի փոխարեն,
- ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար՝ 47 հազար դրամ՝ 46 հազար դրամի փոխարեն,
- «հաշմանդամ երեխա ճանաչված անձ» կարգավիճակ ունեցող անձանց համար՝ 50 հազար դրամ՝ 49 հազար դրամի փոխարեն։
Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը ևս նախատեսվում է բարձրացնել 46 հազարից 47 հազար դրամի։
Որքա՞ն կարժենա կենսաթոշակների և նպաստների բարձրացումը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2027 թվականին կենսաթոշակների և նպաստների նախատեսվող բարձրացումը պետական բյուջեի համար կստեղծի շուրջ 5 մլրդ 617 մլն դրամի լրացուցիչ ծախս։
Այդ գումարից՝
- աշխատանքային կենսաթոշակների համար՝ շուրջ 3 մլրդ 402 մլն դրամ,
- շարքային կազմի զինվորական կենսաթոշակների համար՝ շուրջ 137 մլն դրամ,
- սոցիալական նպաստների համար՝ շուրջ 1 մլրդ 641 մլն դրամ,
- սպայական և ենթասպայական կազմի զինվորական կենսաթոշակների համար՝ շուրջ 437 մլն դրամ։
Ըստ հիմնավորման՝ լրացուցիչ ծախսերի շուրջ 4 մլրդ 260 մլն դրամը նախատեսվում է ապահովել թաղման նպաստի գծով խնայվող միջոցների հաշվին, իսկ շուրջ 1 մլրդ 357 մլն դրամը անհրաժեշտ կլինի հատկացնել լրացուցիչ։
Ինչո՞ւ է փոխվում թաղման նպաստի ֆինանսավորումը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ կենսաթոշակների և սոցիալական նպաստների բարձրացման համար անհրաժեշտ միջոցները նախատեսվում է մասամբ ձևավորել թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում։
2025 թվականին թաղման նպաստի փաստացի ծախսը կազմել է 4 մլրդ 353 մլն դրամ։
Նախագծի հեղինակները կանխատեսում են, որ 2027 թվականին թաղման նպաստի գծով ծախսը կկազմի շուրջ 100 մլն դրամ։ Այսինքն՝ հաշվարկով հնարավոր կլինի շուրջ 4 մլրդ 260 մլն դրամ ուղղել կենսաթոշակների բարձրացմանը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2025 թվականին թաղման նպաստի շահառուների թիվը կազմել է 21 768, իսկ առաջարկվող փոփոխությունների արդյունքում 2027 թվականին ակնկալվում է շուրջ 300-400 շահառու։
Քանի՞ շահառուի վրա կանդրադառնա բարձրացումը
Նախագծի հաշվարկների համաձայն՝ նվազագույն կենսաթոշակի 1000 դրամով և հիմնական կենսաթոշակի 500 դրամով բարձրացման արդյունքում տարբեր չափերով կավելանան աշխատանքային կենսաթոշակները։
Մասնավորապես՝
- մինչև 15 տարվա ստաժով հաշվարկված կենսաթոշակները՝ շուրջ 45 600 շահառուի համար,
- մինչև 15 տարվա ստաժով հաշմանդամության խորը և ծանր աստիճանի սահմանափակումով կենսաթոշակները՝ շուրջ 7 100 շահառուի համար,
- 15 և ավելի տարվա ստաժով հաշվարկված կենսաթոշակները՝ շուրջ 416 900 շահառուի համար,
- 15 և ավելի տարվա ստաժով հաշմանդամության խորը և ծանր աստիճանի սահմանափակումով կենսաթոշակները՝ շուրջ 34 400 շահառուի համար։
Զինվորական կենսաթոշակների մասով նախագծի հիմնավորմամբ նշվում է, որ պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակների բարձրացումը կվերաբերի շուրջ 7800 շահառուի, իսկ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համապատասխան կենսաթոշակի բարձրացումը՝ շուրջ 315 շահառուի։
Սպայական և ենթասպայական կազմի զինվորական կենսաթոշակների բարձրացումը կվերաբերի շուրջ 31 800 շահառուի։
Սոցիալական նպաստների՝ ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների մասով շահառուների թիվը գնահատվում է շուրջ 136 700։
Ե՞րբ կարող են փոփոխություններն ուժի մեջ մտնել
Նախագծով նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։
Նշված փոփոխությունները ներկայումս նախագծի փուլում են և վերջնական կարգավորումները կարող են փոփոխվել մինչև դրանց ընդունումը։