
ՀՀ կառավարությունը վերացրել է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման սահմանափակումներն ու յուրաքանչյուր տոննայի համար սահմանված 8000 դրամ պետական տուրքը։ Այս որոշումն ընդունվել է գործադիրի նիստում՝ հաշվի առնելով ներքին շուկայում ստեղծված իրավիճակը և առաջարկի ու պահանջարկի ընթացիկ փոփոխությունները։
Ըստ պաշտոնական հիմնավորման՝ ներկայումս ցեմենտի ներկրման գործընթացում առկա են լոգիստիկ լուրջ բարդություններ, ինչն ավելացնում է բեռնափոխադրման արժեքներն ու ժամկետները։ Նախկինում ընդունված որոշմամբ գործող լիցենզավորման կարգավորումն ու լրացուցիչ ֆինանսական բեռը նպաստել էին ներքին շուկայում իրացման մրցակցային անհավասար պայմանների ձևավորմանը:
Հաշվի առնելով ձևավորված իրավիճակը՝ անհրաժեշտություն է առաջացել ամբողջությամբ վերանայել գործող ժամանակավոր սահմանափակման պահպանման նպատակահարմարությունը։ Կառավարության նոր որոշման արդյունքում կապահովվի ներքին շուկայում ցեմենտի բավարար առաջարկ, և կձևավորվեն անհրաժեշտ նախադրյալներ՝ իրացման համար առավել հավասարակշռված մրցակցային պայմաններ ստեղծելու համար։