Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված՝ «Երիտասարդական նախաձեռնող խմբերի աջակցման մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը, որով նախատեսվում է սահմանել երիտասարդական նախաձեռնող խմբերի ձևավորման, զարգացման, ուղեկցման և աջակցության միասնական մեթոդական մոտեցումներ։
Ի՞նչ խնդիր է նախատեսվում լուծել
Նախագծի հիմնավորման համաձայն՝ երիտասարդական նախաձեռնող խմբերի գործունեությունը կարևոր գործիք է երիտասարդների նախաձեռնողականության, քաղաքացիական և համայնքային մասնակցության, ինչպես նաև համայնքային խնդիրների բացահայտման ու դրանց լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության խթանման համար։
Միաժամանակ, գործող գործելակերպերում երիտասարդական նախաձեռնություններին աջակցությունը կարող է իրականացվել տարբեր դերակատարների կողմից՝ երիտասարդական կենտրոնների, երիտասարդական աշխատողների, համայնքների, երիտասարդական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կրթական կազմակերպությունների, փորձագետների և այլ գործընկերների ներգրավմամբ։
Սակայն աջակցության ձևերը, մեթոդները, տարբեր դերակատարների գործառույթները և նախաձեռնության զարգացման փուլերի միջև կապը միասնական մեթոդական շրջանակով ամբողջականորեն ամրագրված չեն։
Ինչ փուլերով պետք է զարգանա երիտասարդական նախաձեռնությունը
Մեթոդաբանությամբ նախատեսվում է սահմանել երիտասարդական նախաձեռնությունների զարգացման և աջակցության ամբողջական ցիկլը։
Այն ներառելու է՝
- երիտասարդների ներուժի, հետաքրքրությունների և համայնքային կարիքների բացահայտում,
- գաղափարի ձևավորում,
- նախաձեռնող խմբի ձևավորում,
- նախագծում և պլանավորում,
- անհրաժեշտ ռեսուրսների և գործընկերների ներգրավում,
- նախաձեռնության իրականացում,
- արդյունքների գնահատում,
- նախաձեռնության շարունակական զարգացում։
Այսպիսով, աջակցությունը նախատեսվում է դիտարկել ոչ միայն որպես առանձին ծրագրի կամ միջոցառման իրականացում, այլ որպես գործընթաց, որը սկսվում է գաղափարի ձևավորումից և կարող է շարունակվել նաև նախաձեռնության ավարտից հետո։
Ի՞նչ խնդիրներ պետք է կանխվեն
Հիմնավորման մեջ նշվում է, որ գործող մոտեցումների պայմաններում կարող են առաջանալ երիտասարդական նախաձեռնությունների զարգացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ։
Մասնավորապես՝
- երիտասարդների գաղափարների փոխարինում կամ մեծահասակների կողմից նախաձեռնության բովանդակության գերակշռող ձևավորում,
- աջակցության անհամաչափ կազմակերպում,
- տարբեր դերակատարների գործառույթների ոչ հստակ տարանջատում,
- նախաձեռնությունների կրկնություն,
- համայնքային ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործում,
- նախաձեռնությունների արդյունքների գնահատման միասնական մոտեցումների բացակայություն,
- նախաձեռնությունների հետագա զարգացման մեխանիզմների բացակայություն։
Մեթոդաբանության նպատակներից է այս գործընթացները դարձնել ավելի համակարգված՝ միաժամանակ պահպանելով երիտասարդների ինքնուրույն մասնակցության սկզբունքը։
Առանձին մոտեցում՝ 13–15 տարեկանների համար
Նախագծով առանձնահատուկ ուշադրություն է դարձվում 13–15 տարեկան երիտասարդների մասնակցությանը մասնակցային բյուջետավորման գործընթացին։
Հիմնավորման համաձայն՝ նրանց մասնակցությունը պետք է կազմակերպվի այնպես, որ միաժամանակ ապահովվեն նրանց ազատ, գիտակցված և ինքնուրույն մասնակցությունը, անվտանգությունը և համայնքային գործընթացներում ներգրավվածությունը։
Նշվում է, որ այս տարիքային խմբի ներկայացուցիչները չեն մասնակցում մասնակցային բյուջետավորման քվեարկությանը։ Այդ պատճառով նախատեսվում է սահմանել նրանց նախագծերի նախնական մասնագիտական դիտարկման, հանրային ներկայացման և համայնքային աջակցության ձևավորման առանձնահատկություններ։
Նախագծերը նախապես կդիտարկվեն մասնագետների կողմից
13–15 տարեկանների կողմից մշակված նախագծերը մինչև համայնքային քննարկման ներկայացվելը նախատեսվում է ենթարկել նախնական մասնագիտական դիտարկման։
Դրա նպատակն է գնահատել՝
- նախագծի որակը,
- դրա իրագործելիությունը,
- մասնակցային բյուջետավորման պահանջներին համապատասխանությունը,
- երիտասարդների իրական և ինքնուրույն մասնակցությունը։
Նախատեսվող մոտեցմամբ նաև պետք է կանխարգելվի մեծահասակների կողմից երիտասարդների նախաձեռնությունների գաղափարների կամ աշխատանքի օգտագործումը՝ որպես սեփական նախաձեռնություն։
Ովքեր են մասնակցելու աջակցության համակարգին
Երիտասարդական նախաձեռնություններին աջակցելու գործընթացում կարող են ներգրավվել տարբեր դերակատարներ՝
երիտասարդական կենտրոններ, երիտասարդական աշխատողներ, համայնքներ, երիտասարդական և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, կրթական կազմակերպություններ, փորձագետներ և այլ գործընկերներ։
Մեթոդաբանությամբ նախատեսվում է սահմանել նրանց գործառույթները և համագործակցության ընդհանուր մոտեցումները։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ձևավորել երիտասարդական նախաձեռնող խմբերի աջակցության միասնական մեթոդական շրջանակ։
Ըստ հիմնավորման՝ դրա արդյունքում նախատեսվում է բարձրացնել երիտասարդների նախաձեռնությունների որակն ու իրագործելիությունը, զարգացնել երիտասարդների ինքնուրույն մասնակցության, համագործակցության և նախագծային կարողությունները, բարելավել պետական, համայնքային և այլ դերակատարների համագործակցությունը և ստեղծել նախաձեռնությունների շարունակական զարգացման ավելի կայուն հնարավորություններ։
Մեթոդաբանությամբ նախատեսվում է նաև մշտադիտարկման, գնահատման և դրա շարունակական կատարելագործման մոտեցումների սահմանում։
Լրացուցիչ պետական ֆինանսավորում չի նախատեսվում
Նախագծի համաձայն՝ իրավական ակտի ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չի առաջացնի։
Մեթոդաբանությունից բխող միջոցառումների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել գործող ծրագրերի և սահմանված բյուջետային հատկացումների շրջանակում։ Պետական բյուջեի եկամուտներում կամ ծախսերում պարտադիր և անմիջական փոփոխություն չի նախատեսվում։
Նախարարի հրամանի նախագծով առաջարկվում է հաստատել երիտասարդական նախաձեռնող խմբերի աջակցման մեթոդաբանությունը՝ որպես հավելված, իսկ հրամանը նախատեսվում է ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից,-տեղեկացնում է Iravaban.net–ը։