Որքա՞ն գումար է նախատեսվում Վանաձորում և Գետահովիտում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզադաշտեր կառուցելու համար

Iravaban.net–ը ուսումնասիրել է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում զեկուցվող հարցերի շարքում ընդգրկված նախագիծը, որով առաջարկվում է Վանաձորում և Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտերի կառուցման/վերակառուցման աշխատանքները կազմակերպել հատուկ՝ «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։ Նախագծով սահմանվում են նաև շինարարության ֆինանսավորման, կանխավճարի, երաշխիքային ժամկետի և գնումների կազմակերպման մի շարք առանձնահատկություններ։

Ինչո՞ւ են մարզադաշտերը կառուցվում

Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2029 թվականին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների համատեղ հայտը հաստատվել է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի 2026 թվականի ապրիլի 28-ի նիստում։

Առաջնությունն անցկացնելու համար անհրաժեշտ պայման է ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի առկայությունը։ Կառավարության 2023 թվականի ռազմավարությամբ նախատեսվել է Հայաստանում երեք մարզադաշտի կառուցում, որոնցից երկուսը՝ առնվազն 10 հազար, իսկ ազգային մարզադաշտը՝ 35 հազար նստատեղով։

10 հազար նստատեղով մարզադաշտերից մեկը նախատեսվում է Վանաձորում, մյուսը՝ Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում։

Ի՞նչ ժամկետներում պետք է իրականացվի ծրագիրը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ երկու մարզադաշտերն այժմ նախագծման փուլում են։ Շինարարության տևողությունը գնահատվում է 24 ամիս։

Քանի որ 2029 թվականի առաջնությունը նախնական նախատեսվում է սեպտեմբերին, մարզադաշտերը պետք է ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի հավաստագրում ստանան առնվազն վեց ամիս առաջ՝ 2029 թվականի մարտին։ Դրանից առաջ դրանք պետք է նաև փորձարկվեն, այդ թվում՝ խաղեր անցկացնելու միջոցով։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս փուլում ծրագրի ավարտի համար առկա է մոտ 30 ամիս՝ նախագծումից և փորձաքննություններից մինչև շինարարություն, կահավորում և փորձարկում։

Ինչո՞ւ է առաջարկվում «Հրատապ մեկ անձից» գնում

Նախագծով շինարարական աշխատանքների կազմակերպման և դրանց նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայության ձեռքբերման պահանջը նախատեսվում է համարել անհետաձգելի։

Այդ պատճառով նախատեսվում է գնումը կազմակերպել «Հրատապ մեկ անձից» ընթացակարգով։ Շինարարական աշխատանքների կազմակերպման պայմանագիրը նախատեսվում է կնքել մարզադաշտերը նախագծող «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ։ Միաժամանակ շինարարական աշխատանքները կատարող ընկերությունները և դրանց ներկայացվող պահանջները պետք է նախապես համաձայնեցվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ընկերության առաջարկած լուծումներից մեկը Իջևանի մարզադաշտում SPS կոմպոզիտային տեռասավորման տեխնոլոգիայի կիրառումն է, որը, ըստ հիմնավորման, կարող է կրճատել շինարարության ժամանակը և տեղում իրականացվող աշխատանքների ծավալը։

Որքա՞ն է ներկայացված նախնական արժեքը

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությունը ներկայացրել է 52 մլն 205 հազար 606 եվրոյի գնային առաջարկ՝ առանց ԱԱՀ-ի, ներմուծման հարկերի և տուրքերի։

Դրանից՝

  • Վանաձորի մարզադաշտի համար՝ 22 մլն 550 հազար եվրո,
  • Իջևանի մարզադաշտի համար՝ 27 մլն 169 հազար 625 եվրո,
  • ընդհանուր համաձայնեցված պայմանագրային արժեքը՝ 49 մլն 719 հազար 625 եվրո,
  • նյութերի գնի հնարավոր փոփոխության պահուստը՝ 2 մլն 485 հազար 981 եվրո։

Միաժամանակ նախագծով նախատեսվում է, որ պայմանագրի վերջնական գինը կարող է նվազել, եթե հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված արժեքը ցածր լինի ընկերության նախնական գնային առաջարկից։

Գործակալական վճարը՝ մինչև 12%

Պայմանագրի գինը ձևավորվելու է շինարարական աշխատանքների արժեքից և գործակալական վճարից։

Նախագծով սահմանվում է, որ գործակալական վճարը չի կարող գերազանցել նախագծանախահաշվային փաստաթղթերի ծավալաթերթ-նախահաշվով սահմանված արժեքի 12 տոկոսը։

Միաժամանակ նախահաշվային արժեքի մեջ շահույթի տոկոսաչափը նախատեսվում է սահմանել 0 տոկոս, քանի որ պայմանագրով նախատեսվում է գործակալական վճար։

Կլինի՞ կանխավճար

Նախատեսվում է կապալառուին հատկացնել մինչև 7 մլն 457 հազար 944 եվրո կանխավճար։

Այն ամբողջությամբ միանգամից չի համարվելու մարված․ կանխավճարի մարումը նախատեսվում է իրականացնել հետագա հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից համապատասխան պահումներ կատարելու միջոցով։

Նախագծով նաև նախատեսվում է, որ պայմանագրի և որակավորման ապահովման չափը կկազմի գնային առաջարկի հիման վրա ձևավորված պայմանագրի գնի 5 տոկոսը։

Շինարարության արժեքը կարող է փոփոխվել

Պայմանագիրը նախատեսվում է դարձնել գործոնային։

Շինարարական նյութերի այն տեսակների համար, որոնց գների վերաբերյալ պաշտոնական տեղեկագրերում տվյալներ չկան, նախատեսվում է օգտագործել ՈՒԵՖԱ-ի կողմից ընդունելի ապրանքներ ներկայացնող արտադրողների ցանկը։ Այդ ցանկից պատվիրատուի կողմից ընտրված արտադրողի գնային առաջարկը կարող է ընդունվել որպես տվյալ ապրանքի կողմնորոշիչ գին։

Պետությունը շինարարության ամբողջ գումարը միանգամից չի վճարի

Նախագծով նախատեսվում է, որ շինարարական աշխատանքների ընդհանուր գումարի 5 տոկոսը չի վճարվի մինչև աշխատանքների ավարտական հանձնման-ընդունման արձանագրության ստորագրումը։

Այդ 5 տոկոսը ևս նախատեսվում է վճարել երկու փուլով.

  • 2.5 տոկոսը՝ ավարտական ակտը ստորագրելուց հետո,
  • մնացած 2.5 տոկոսը՝ երաշխիքային սպասարկման ժամկետի ավարտից հետո՝ ավարտական ակտի ստորագրումից 5 տարի անց։

Վեճերի դեպքում՝ վնասի հատուցում

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ պայմանագրով, այդ թվում՝ շինարարական աշխատանքների հետ կապված ծագող վեճերի դեպքում, իրավունքների պաշտպանությունն իրականացվելու է բացառապես վնասի հատուցման եղանակով։

Փորձաքննության ընթացակարգը նույնպես կփոխվի

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել կառավարության 2015 թվականի N 596-Ն որոշման մեջ։

Մասնավորապես, ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտերի կառուցման դեպքում նախատեսվում է կիրառել այն մոտեցումը, ըստ որի՝ ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացությունը կարող է տրվել նախքան շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական եզրակացության տրամադրումը։

Հիմնավորման համաձայն՝ դա պայմանավորված է ծրագրի իրականացման սեղմ ժամկետներով։

Որտեղի՞ց է ֆինանսավորվելու

Նախագծի համաձայն՝ ծախսերը կատարվելու են ՀՀ պետական բյուջեի 1163 ծրագրի 32006 միջոցառման շրջանակներում։

Նշվում է, որ 2026 թվականին պետական բյուջեում պետք է նախատեսվի շուրջ 3.3 մլրդ դրամ, իսկ 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով համապատասխան միջոցները նախատեսված են։

Ի՞նչ է նախատեսվում Գետահովիտի մարզադաշտի համար

Հիմնավորման համաձայն՝ Գետահովիտում մարզադաշտի կառուցման համար արդեն ձեռք են բերվել անհրաժեշտ հողամասերը։ Դրանք նախկինում զբաղեցված են եղել մասնավոր սեփականություններով՝ ընդհանուր 23 սեփականատիրոջ կողմից, իսկ ընդհանուր մակերեսը կազմել է 77 521 քմ։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հրատապ կարգով մեկնարկել և սահմանված ժամկետներում իրականացնել Վանաձորի մարզադաշտի կառուցման/վերակառուցման և Գետահովիտի մարզադաշտի կառուցման ծրագրերը։

Փաստաթղթում նշվում է, որ ծրագրերի իրականացմամբ պետք է ապահովվի դրանց ավարտը մինչև 2029 թվականի հունվարը՝ 2029 թվականի Հայաստանում նախատեսվող ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանը ընդառաջ,-տեղեկացնում է Iravaban.net–ը։

Leave a Comment