Iravaban.net–ը ուսումնասիրել է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված նախագիծը, որով առաջարկվում է սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորություն սահմանել նաև այն անձանց համար, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օրենքով համարվում է սահմանափակ օգտագործման ենթակա։ Նախագծով նախատեսվում է ինչպես գործատուի, այնպես էլ հարկային մարմնի միջոցով անհրաժեշտ տեղեկությունների ներկայացման և փոխհատուցման գործընթաց։
Ի՞նչ խնդիր է առաջացել
2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանում փուլային ներդրվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման համակարգը։
Համակարգի շրջանակում հայտարարատուները կարող են իրենց կամ ընտանիքի անդամների համար կատարված և համապատասխան փաստաթղթերով հիմնավորված որոշակի կրթական և առողջապահական ծախսերի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ծախսերի մասով փոխհատուցում ստանալ իրենց վճարած եկամտային հարկից։
Սակայն գործող կարգավորումներով խնդիր է առաջացել այն անձանց դեպքում, որոնց վերաբերյալ տեղեկությունը օրենքով սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն։
Քանի որ այդ անձանց վերաբերյալ եկամտային հարկի տվյալները ներկայացվում և հաշվառվում են հատուկ կարգով, նրանք գործող ընթացակարգով չեն կարողանում օգտվել իրենց հարկվող եկամուտներից վճարված եկամտային հարկի հաշվին սոցիալական ծախսերի փոխհատուցումից։
Ո՞ւմ է վերաբերում փոփոխությունը
Նախագիծը վերաբերում է այն ֆիզիկական անձանց, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն։
Նախագծով նախատեսվում է այդ անձանց ևս հնարավորություն տալ օգտվելու սոցիալական ծախսերի փոխհատուցումից՝ առանց նրանց վերաբերյալ սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության հրապարակման կամ ընդհանուր ընթացակարգով ներկայացման։
Ինչպե՞ս է գործատուն տեղեկությունը ներկայացնելու հարկային մարմին
Նախագծով նախատեսվում է, որ եթե անձին վերաբերող տեղեկատվությունը սահմանափակ օգտագործման ենթակա է, ապա նրա գործատուն հարկային մարմնի սահմանած կարգով և ձևաչափով պետք է ներկայացնի տեղեկություն՝
- հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների,
- քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների համար ստացված եկամուտների,
- դրանցից հաշվարկված եկամտային հարկի,
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ։
Տեղեկությունը պետք է ներկայացվի մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը ներառյալ։
Փոխհատուցումն ինչպե՞ս է իրականացվելու
Նախագծով նախատեսվում է, որ սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն ունեցող անձանց սոցիալական ծախսերի փոխհատուցումը կիրականացվի հատուկ ընթացակարգով։
Դրա համար ֆիզիկական անձը պետք է լրացնի դիմում-հայտարարություն, որը ներկայացվում է համապատասխան հարկային գործակալին։
Դիմում-հայտարարության մեջ պետք է նշվեն անձի նույնականացման և կոնտակտային տվյալները, ինչպես նաև տեղեկություններ այն գումարների վերաբերյալ, որոնք տվյալ հաշվետու տարվա համար վերադարձվել են հարկային մարմնի կողմից։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Նախագծով սահմանվում է, որ դիմում-հայտարարությանը պետք է կցվեն՝
- համապատասխան հաշվետու տարվա համար հարկային մարմին ներկայացված՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտարարագիրը,
- սոցիալական ծախսի կատարումը հիմնավորող՝ Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված հաշվարկային փաստաթուղթը։
Միաժամանակ, անձը հայտարարությամբ հաստատում է ներկայացված տեղեկությունների ճշտությունը և տեղեկացվում է ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին։
Եթե գումարի մի մասը արդեն վերադարձվել է հարկային մարմնի կողմից
Նախագծով նախատեսվում է նաև կրկնակի փոխհատուցումը բացառող մեխանիզմ։
Եթե ֆիզիկական անձը դիմում-հայտարարություն է ներկայացրել, ապա հարկային գործակալը սոցիալական ծախսի փոխհատուցման ենթակա գումարից պետք է նվազեցնի այն գումարը, որն արդեն մուտքագրվել է անձի միասնական հաշվին հարկային մարմնի կողմից։
Եթե արդյունքում առաջանա դրական տարբերություն, այն պետք է վճարվի ֆիզիկական անձին՝ առաջիկա աշխատավարձի հետ միասին։
Ո՞ր ծախսերի համար կարող է վերադարձ նախատեսվել
Դիմում-հայտարարության ձևում նախատեսված են, մասնավորապես՝
- հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցման գումարները,
- ուսման վարձի փոխհատուցման գումարները,
- շահաբաժիններից վճարված և վերադարձված եկամտային հարկի գումարները։
Փոխհատուցման չափերը և պայմանները շարունակում են որոշվել Հարկային օրենսգրքով և սոցիալական ծախսերի փոխհատուցման գործող կարգավորումներով։
Ե՞րբ կկիրառվի նոր կարգավորումը
Նախագծով նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
Միաժամանակ, նոր կարգավորումը նախատեսվում է տարածել 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող հաշվետու տարիների ընթացքում կատարված սոցիալական ծախսերի վրա։
Այսինքն՝ նախատեսվող փոփոխությունը հնարավորություն կտա համապատասխան պայմաններին բավարարող անձանց օգտվել նաև 2025 թվականի հաշվետու տարվա սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքից։
Պետական բյուջեի վրա ազդեցություն չի նախատեսվում
Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխության ընդունումը չի հանգեցնի պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման։
Նախագիծը մշակել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։