ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները շուտով կհաղթի Իրանի հետ հակամարտությունում։
«Մենք շատ շուտով կհաղթենք այս պատերազմում։ Այսպես թե այնպես»,– Սպիտակ տանը ելույթ ունենալիս հայտարարել է նա։ «Դուք կտեսնեք, որ շատ շուտով ինչ-որ բան կսկսի տեղի ունենալ»,– խոստացել է ԱՄՆ նախագահը՝ մանրամասներ չներկայացնելով։
ԱՄՆ նախագահը նաև նշել է․ «Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ»։ «Ես կասեի՝ լիակատար, սակայն ժամանակ առ ժամանակ այնտեղ ական են նետում, և դա մի փոքր խաթարում է իրավիճակը»,– հավելել է նա։
ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել է Իրանի ուղղությամբ լայնածավալ հարվածները՝ Թեհրանին մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Հորմուզի նեղուցին վերաբերող դրույթները խախտելու մեջ։
Հակամարտության մեկնարկից առաջ Հորմուզի նեղուցով տեղափոխվում էր նավթի համաշխարհային առևտրի ծավալի մոտ 25 տոկոսը և հեղուկացված բնական գազի՝ շուրջ 20 տոկոսը։