Էմիրաթական Flydubai ավիաընկերության՝ Իսրայել իրականացվող չվերթները հոկտեմբերի 1-ի առավոտից վեց օրով կդադարեցվեն՝ ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից հետո։ Այս մասին հայտնել է Իսրայելի «12-րդ ալիք» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Flydubai-ի փոխարեն Արաբական Միացյալ Էմիրություններից Թել Ավիվ չվերթերը կիրականացնեն իսրայելական ավիաընկերությունները՝ օդանավում ուժեղացված անվտանգության միջոցներով։ Չվերթների վերականգնման հարցը կքննարկվի միջադեպի հետաքննության ավարտից հետո։ «12-րդ ալիքը» պնդում է, որ այս որոշումը համաձայնեցվել է ԱՄԷ նախագահ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահայանի հետ, որի հետ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 30-ին հեռախոսազրույց էր ունեցել։
Ավելի վաղ Ynet-ը, հղում անելով իսրայելական աղբյուրի, հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները միջադեպից հետո մտադիր չեն դադարեցնել Flydubai-ի չվերթները։ Մինչ այդ, ըստ Իսրայելի «12-րդ ալիքի», երկրի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը պահանջել էր դադարեցնել Flydubai-ի չվերթները դեպի Իսրայել այն բանից հետո, երբ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ինքնաթիռը ահազանգ էր տվել հնարավոր առևանգման մասին, իսկ ավելի ուշ վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։
Սեպտեմբերի 30-ին Flydubai-ի՝ Դուբայից Թել Ավիվ իրականացվող ուղևորատար չվերթի ինքնաթիռը ահազանգ է տվել հնարավոր առևանգման մասին։ Ավելի ուշ օդանավը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։ Ինչպես հայտնել են Flydubai-ի մամուլի ծառայությունից, բոլոր ուղևորներն անվտանգ են։
Իսրայելի «12-րդ ալիքի» վարկածով՝ միջադեպի պատճառը երկու օդաչուների միջև ծագած ծեծկռտուքն է եղել։ Իսրայելական i24News հեռուստաալիքը, հղում անելով ականատեսներին, հայտնել է, որ օդաչուներից մեկը դանակով վիրավորվել է։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը օդանավում տեղի ունեցած միջադեպը որակել է որպես ահաբեկչության փորձ։