
Ռուսաստանը, ցրտերի շեմին, գարնանից ի վեր ամենահզոր հարվածն է հասցրել Ուկրաինայի էներգետիկ համակարգին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հարձակման ընթացքում կիրառվել է 190 անօդաչու սարք և բալիստիկ հրթիռ, որոնց թիրախում եղել են երկրի 11 մարզերը։
Հիմնական հարվածն ուղղվել է Կիևի և Կիևի մարզի էներգետիկ օբյեկտներին, ինչի հետևանքով մայրաքաղաքում և ևս վեց մարզերում էլեկտրաէներգիայի լուրջ խափանումներ են սկսվել, առաջացել են ջրամատակարարման խնդիրներ և մասնակիորեն կանգնել է էլեկտրատրանսպորտը:
Փորձագետներն արձանագրել են նաև նոր մարտավարություն՝ ռուսական կողմն առաջին անգամ օգտագործել է հատուկ կտրող մարտագլխիկներով դրոններ, որոնք նախատեսված են բարձրավոլտ հենասյուներն ու երկաթե կոնստրուկցիաները ոչնչացնելու համար։
Գիշերային գնդակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն հինգ խաղաղ բնակիչ: Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին ընդգծել է, որ թեև էներգետիկ համակարգին ուղղված տեղային հարձակումները չէին դադարում ողջ ամառվա ընթացքում, նման հզորության հարված գարնանից ի վեր գրանցվում է առաջին անգամ, ինչի պատճառով տեղական իշխանություններին հանձնարարվել է շտապ ստուգել ենթակառուցվածքների պահուստային սնուցման համակարգերը:
Իսկ արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան տեղի ունեցածը որակել է որպես Մոսկվայի կողմից ձմռան նախաշեմին ցուրտն ու խավարը քաղաքացիական բնակչության դեմ որպես զենք օգտագործելու միտումնավոր փորձ: