ՄԱԿ-ում կարծում են, որ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունների պատուհանը փակված չէ

Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հնարավորությունների պատուհանը դեռ բաց է, և ՄԱԿ-ը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել բանակցություններում, եթե կողմերը ցանկություն ունենան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ-ը միշտ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հակամարտության երկու կողմերի միջև, եթե կողմերը դա ցանկանան»,– ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներկայում հնարավոր է համարում ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը՝ հաշվի առնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի վերջին շփումները։

«Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորությունների պատուհանը երբեք չի կարող փակվել։ Մենք չենք կարծում, որ այն փակ է, և շարունակում ենք համոզված լինել, որ այս հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական երկխոսության միջոցով»,– հավելել է Դյուժարիկը։

Ռուսաստանը բազմիցս վերահաստատել է ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական միջոցներով կարգավորելու իր հանձնառությունը, սակայն նշել է, որ Կիևի իշխանությունները պատրաստ չեն հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորել։

Leave a Comment