ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Իրանն անվանել է Եվրոպայի «հետնաբակը»՝ կարծիք հայտնելով, որ Իսլամական Հանրապետության դեմ պատերազմը պետք է սկսեր Եվրոպան, ոչ թե ԱՄՆ-ը, և խոստանալով, որ ապագայում եվրոպացիները կկարողանան դա անել։ Այս դիրքորոշումը նա ներկայացրել է Բրյուսելում անցկացվող ռազմատիեզերական համաժողովում։
«Միայն ԱՄՆ-ն էր ի վիճակի հարված հասցնել Իրանի միջուկային հնարավորություններին, որոնք շուտով կարող էին սպառնալիք դառնալ ոչ միայն Իսրայելի, այլև Եվրոպայի համար»,– ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Լրացուցիչ հարցին՝ արդյոք ինքն իսկապես հավատում է դրան, Ռյուտեն վստահեցրել է, որ «բացարձակապես հավատում է»։
«Բայց դա մենք՝ եվրոպացիներս, պետք է անեինք, ոչ թե ամերիկացիները»,– ասել է նա՝ խոսելով Իրանի ուղղությամբ հարվածների մասին։ «Բացի այդ, հենց մենք պետք է հարվածներ հասցնեինք Կարմիր ծովում հութիներին (Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումից խմբ.)»,– շարունակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
«Եվ, ի դեպ, եվրոպական երկրների կողմից ռազմական ոլորտում նոր ներդրումների պայմաններում՝ 3,5 տոկոս, ապա 5 տոկոս, դա նշանակում է, որ ապագայում եվրոպացիները կկարողանան ինքնուրույն հոգալ իրենց հետնաբակի մասին»,– հայտարարել է նա՝ հավելելով, որ հետագայում Եվրոպան «ինքնուրույն կանի դա»։
Միևնույն ժամանակ Ռյուտեն ընդունել է, որ «ՆԱՏՕ-ում ոչ բոլորն» են կիսում նման մոտեցումը, սակայն նշել է, որ իրեն «դա չի հետաքրքրում»։
Այսպիսով, նա խուսափել է վարողի այն հարցին ուղղակիորեն պատասխանելուց, թե ինչ պետք է անի Եվրոպան, որը բախվում է էներգակիրների բարձր գների և Իրան-Իսրայել պատերազմի հետևանքով Ուկրաինայի համար ՀՕՊ միջոցների լուրջ պակասի խնդիրներին։