Հայկական քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է։ Այս առիթով շնորհավորական ուղերձ է հղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Հարգելի՛ ավիատորներ, քաղաքացիական ավիացիայի ոլորտի աշխատակիցներ և վետերաններ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Քաղաքացիական ավիացիայի օրվա կապակցությամբ։
Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է։ Այն ապահովում է մեր երկրի կապն աշխարհի տարբեր երկրների հետ, նպաստում է տնտեսության, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանը։
Վերջին տարիներին Հայաստանի ավիացիոն ոլորտում արձանագրվում է շարունակական ակտիվություն․ ավելանում են թռիչքների թվերը, ընդլայնվում են ուղղությունների աշխարհագրությունները, հայկական շուկա են մուտք գործում նոր ավիաընկերություններ։
Վերջին տարիներին շեշտակի աճել է ուղևորահոսքը դեպի Հայաստան, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թողունակությունը։
Հետևողական աշխատանքի արդյունքում Երևան-Կապան թռիչքները դարձել են ամենօրյա, աշխատանք է տարվում Կապանի օդանավակայանին միջազգային
օդանավակայանի կարգավիճակ շնորհելու ուղղությամբ։Շարունակվում են տեղական նշանակության այլ օդանավակայանների գործարկման աշխատանքները։
Մեր առաջնահերթություններն են շարունակել ոլորտի բարեփոխումները, բարձրացնել ավիացիոն անվտանգության մակարդակը, զարգացնել ենթակառուցվածքները, ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և ապահովել ուղևորների համար ավելի հասանելի ու որակյալ ծառայություններ։
Այս ամենի հիմքում ոլորտի յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա պատասխանատու աշխատանքն է։
Մաղթում եմ խաղաղ երկինք, անվտանգ թռիչքներ և մասնագիտական նոր ձեռքբերումներ։
Շնորհավոր Քաղաքացիական ավիացիայի օրը»։