Ալեքսան Ալեքսանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով – armeniatoday.am

Հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 30-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել է տնային կալանքով՝ երեք ամիս ժամկետով, հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։

Դատարանը նրա նկատմամբ կիրառել է նաև բացակայելու արգելք։

Որոշումը կայացրել է դատավոր Լևոն Պետրոսյանն՝ Ալեքսանյանի և Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի գործով նիստում։

Մեղադրողը կողմը դատարանի որոշումից առաջ միջնորդել էր կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով, իսկ պաշտպանական կողմն առաջարկել էր կիրառել 55 մլն դրամ (մոտ $152 հազար) գրավ և վարչական հսկողություն։

Հանրային մեղադրողը կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգելու անհրաժեշտությունը հիմնավորել էր Ալեքսանյանի կողմից քրեական վարույթին միջամտելու ռիսկերի առկայությամբ։

Ալեքսանյանի պաշտպան Արշակ Վարդանյանը չէր համաձայնել մեղադրողի միջնորդությանը։

Նրա խոսքով՝ նախաքննությունը մայիսից իրականացրել է շուրջ 100 անձից կազմված խումբ, մինչդատական վարույթն արդեն ավարտված է, իսկ արտավարույթային փաստաթղթերն ու իրեղեն ապացույցները կցված են գործին։

Հետևաբար, պաշտպանի գնահատմամբ, Ալեքսանյանի կողմից քրեական վարույթին միջամտելու ռիսկեր չկան։

Վարդանյանը նաև հայտարարել էր, որ ցուցմունք տված 111 անձից պաշտպանական կողմը հարցեր ունի միայն երեքի նկատմամբ, իսկ մյուս 108-ի ցուցմունքներում, ըստ նրա, Ալեքսանյանի վերաբերյալ մեղադրական տեղեկություններ չկան։

Պաշտպանի գնահատմամբ՝ կալանքի կիրառումն անհամաչափ է։ Ալեքսանյանի պաշտպանական կողմի մյուս փաստաբանները ևս կիսել են Վարդանյանի դիրքորոշումը։ 

Փաստաբան Առնոլդ Վարդանյանի խոսքով՝ Ալեքսանյանի նկատմամբ կալանքի կիրառման նախապայմանները բացակայում են, և նա ազատությունը սահմանափակող որևէ խափանման միջոց կիրառելու հիմքեր չի տեսնում։

Նշենք նաև, որ նիստն ընթացել է առանց տեսանկարահանման։ Պաշտպանական կողմն առարկել էր տեսանկարահանմանը, լուսանկարահանմանը և նիստի ուղիղ հեռարձակմանը՝ հայտնելով, որ թեև Ալեքսանյանն անձամբ դեմ չէ, նկարահանումը կարող է խոչընդոտել պաշտպանական կողմի բնականոն աշխատանքին։ Միաժամանակ Ալեքսանյանն ու նրա պաշտպանները շնորհակալություն են հայտնել լրագրողներին նիստին ներկա գտնվելու համար։

Կարապետյանն ու Ալեքսանյանը մեղադրանքները չեն ընդունում և իրենց նկատմամբ հետապնդումը համարում են քաղաքական։

Ալեքսանյանը ձերբակալվել էր հունիսի 2-ին, հաջորդ օրը դատարանը նրան կալանավորել էր երկու ամսով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Նրան մեղադրանք է ներկայացվել հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

Օգոստոսին Ալեքսանյանի և Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Հակակոռուպցիոն դատարան։

Կարապետյանը նախկինում ազատ էր արձակվել 1 մլրդ դրամ գրավով, իսկ ավելի ուշ նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը վերացվել էր։ 

 

Leave a Comment