ԱՄՆ-ը պաշտոնապես ավարտել է ռազմական առաքելությունն Իրաքում և երկրից դուրս է բերել վերջին ստորաբաժանումներն ու ռազմական տեխնիկան։ Այս մասին հայտնել են Պենտագոնը և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Զորքերի դուրսբերումն ավարտվել է սեպտեմբերի 30-ին՝ Էրբիլի ավիաբազայից ամերիկյան ուժերի հեռանալով, ինչով ավարտվել է Inherent Resolve գործողությունն Իրաքում։
CENTCOM-ի տվյալներով՝ խոսքը ռազմական առաքելության ավարտի մասին է, այլ ոչ թե Վաշինգտոնի և Բաղդադի համագործակցության դադարեցման։
Զորքերի դուրսբերումից հետո հարաբերություններն անցնում են պաշտպանության ոլորտում երկկողմ ձևաչափի, իսկ տարածաշրջանի այլ երկրներում տեղակայված ամերիկյան ուժերը պատրաստ են արձագանքել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման սպառնալիքներին։
Ամերիկյան զորքերը Իրաք են մտել 2003 թվականին՝ ներխուժման ընթացքում, որի արդյունքում տապալվեց Սադամ Հուսեյնի վարչակարգը։
ԱՄՆ հիմնական ուժերը 2011 թվականի վերջին լքեցին երկիրը, սակայն 2014-ին վերադարձան իրաքյան կառավարության խնդրանքով՝ ԻՊ-ի արագ առաջխաղացումից հետո։ Այդ ժամանակ ստեղծվեց ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիա՝ խմբավորման դեմ պայքարելու համար։
Վաշինգտոնն ու Բաղդադը 2024 թվականին պայմանավորվել էին Իրաքում կոալիցիայի առաքելության փուլային ավարտի մասին։ 2025 թվականին ամերիկյան ուժերը լքեցին երկրի օբյեկտների մեծ մասը։
Ավելի վաղ՝ 2025 թվականի հունիսին, ԶԼՄ-ները հայտնել էին Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի ակտիվացման մասին։ Նրանց տվյալներով՝ խմբավորումը վերականգնում էր հավաքագրման ուղիները, զինյալների մատակարարումը և քարոզչական ենթակառուցվածքը՝ չնայած «խալիֆայության» ջախջախումից հետո տարածքների կորստին։
